Իվանիշվիլիի «կոմպլեքսից» տուժում է Վրաստանը. կարծիքներ

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հոկտեմբերի 21-ի հարցազրույցից կարելի է հետևություն անել, որ նա ընդունել է իր պարտությունը, պատրաստ է հանձնել իշխանությունը, բայց մի պայմանով՝ եթե նրա սառեցված հաշիվները և գումարը կրկին իր տրամադրության տակ հայտնվեն, «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեցին վրացի փորձագետները, ընդդիմադիրները և քաղհասարակության ներկայացուցիչները:

Իվանիշվիլին հարցազրույցում ասել է, որ ինքը «կոմպլեքս» ուներ, ու դրա պատճառով չի հանդիպել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին, և այդ «կոմպլեքսը» պարզաբանել է այսպես. «Անձնական պատճառներով երկրին չվնասելու կոմպլեքս ունեի, դրա համար էլ չհանդիպեցի։ Հիմա դա անցել է»:

Փորձագետների գնահատմամբ՝ նախկին վարչապետ Իվանիշվիլիի «կոմպլեքսը» կապված է շվեյցարական Credit Suisse-ի գործով երկու ընթացիկ վեճին՝ Բերմուդյան կղզիներում և Սինգապուրում։ Եվ հենց այս վեճերը բավարարվել են՝ Իվանիշվիլի «կոմպլեքսն» անցել է»: Ըստ նրանց՝ Իվանիշվիլին ամբողջ հարցազրույցի ընթացքում «շատ վախեցած էր միայն իր փողերի համար», և հենց Իվանիշվիլիի «կոմպլեքսի» պատճառով է տուժում ողջ Վրաստանը:

Հիշեցնենք, որ Սինգապուրի դատարանը 2023 թվականին բավարարել է 753 միլիոն դոլարի, իսկ 2022 թվականին Բերմուդյան կղզիների 607 միլիոն դոլարի վեճը՝ հօգուտ Իվանիշվիլիի։ Սակայն երկու գործերն էլ բողոքարկվել են բանկի կողմից։

Ուշագրավ է, որ Իվանիշվիլին չի թաքցրել, որ իսկապես «կոմպլեքսը» կապված է եղել հենց իր փողերին հասանելիություն չունենալու հետ: Նա ասել է՝ Սինգապուրի դատարանի որոշումից հետո է որոշել խոսել Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանի հետ:

Վրացի վերլուծաբան Զուրաբ Բատիաշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ Իվանիշվիլիի հարցազրույցն ավելի շատ պարտության և զղջալու մասին էր: Ըստ նրա՝ «Վրացական երազանք»-ը գիտակցել է, որ հակաարևմտյան հռետորաբանությունը սխալ քաղաքականություն էր:

«Հիմա Իվանիշվիլին և թիմը ելքեր են փորձում գտնել իրենց ստեղծած անելանելի իրավիճակից: Սա ավելի ակներև է նաև նախընտրական պրոցեսներում. անգամ ժողովրդի մոբիլիզիացիայով չեն կարողանա իրենց ցանկալի արդյունքն ստանալ: Անելանելի իրավիճակ է կուսակցությունում: Սրա մասին էր նրա ամբողջ հարցազրույցը»,- ասաց Բատիաշվիլին:

Վրաստանի «Սոցիալական արդարության կենտրոն»-ի (SJC) համահիմնադիր Թամթա Միքելաձեի խոսքով` զարմանալի է, թե ինչպես է «պատժամիջոցների վախով» Իվանիշվիլին 12 տարի կառավարել երկիրը.

«Ի՞նչ ասել այս մարդու մասին: Այսպիսի անկիրթ, սնահավատ, պաթոլոգիկ ու ագահ կառավարիչ այս երկիրը չի ունեցել։ Ավելի մեծ հարցն այն է, թե ինչպես է այս երկիրը 12 տարի կառավարվել նման մտածելակերպով»:

Հիշեցնենք. հոկտեմբերի 21-ին իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Իվանիշվիլին ասել է նաև, որ միջազգային գործընկերների «շանտաժն» ու պատժամիջոցները «հակառակ արդյունք» են տվելսպառնացել է դատել նաև նախկին կուսակից վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիային և նրա կուսակցության անդամներին, իսկ ահա հակաԼԳԲՏ խնդրին անդրադառնալով` հասել է մինչև «տղամարդու կաթի» թեմային, որը համացանցային մեմ էր դարձել: