«Ալիք Մեդիա Վրաստան»-ը ներկայացնում է քաղաքական սուբյեկտների, կուսակցությունների ու կոալիցիաների վերլուծությունը, մասնավորապես՝ նրանց նախընտրական ծրագրերը, խոստումները, ինչպես նաև քաղաքական անցյալը։
Այսպիսով, այս հրապարակմամբ ներկայացնում ենք «Վրացական երազանք» քաղաքական իշխող ուժի մասին հոդվածի երկրորդ հատվածը, որը երկիրը ղեկավարում է արդեն 12 տարի (2012-2024)։ «Վրացական երազանքը» ընտրություններին կմասնակցի «41» համարի ներքո, այսօրվա դրությամբ մեծամասնություն է Վրաստանի օրենսդիր մարմնում։
«Վրացական երազանք»-ի նախընտրական խոստումները
2024 թվականի հոկտեմբերի 7-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական ծրագիրը։ Նշենք, որ ծրագրի շնորհանդեսին ներկա չէին «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին և նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Գործող վարչապետ Իրակլի Կոբախիձեն յուրաքանչյուր ոլորտ քննարկելիս 2024-ի ներկա իրավիճակը համեմատեց 2012-ի հետ և նոր խոստումներ տվեց 2028-ի համար։
Վարչապետը նախընտրական ծրագրի ներկայացումը սկսել է տնտեսական հատվածի քննարկմամբ՝ ասելով, որ մինչև 2028 թվականը «Վրացական երազանքը» նախատեսում է երկրի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) հասցնել 130 մլրդ լարիի, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն մինչև 36 հազար լարիի։ Բացի այդ, վարչապետը հայտնել է, որ մինչև 2028 թվականը կուսակցությունը նախատեսում է միջին աշխատավարձը հասցնել 3 հազար 500 լարիի, իսկ քաղծառայողների աշխատավարձը ամեն տարի կավելանա առնվազն 10 տոկոսով։ Ինչպես նաև, ըստ վարչապետի, նախատեսվում է հունվարի 1-ից մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը բարձրացնել 100 լարիով, նույնը վերաբերում է արվեստի և մարզադպրոցների անձնակազմին։ Ինչ վերաբերում է աղքատության խնդրին, ապա նախատեսվում է դրա սահմանաչափը նվազեցնել մինչև 4 տոկոս, իսկ մինչև 2028-ը՝ ստեղծել լրացուցիչ 200 հազար աշխատատեղ։
Ենթակառուցվածքների մասով վարչապետը խոստացել է, որ մինչև 2025 թվականը կբացվի Թբիլիսի-Բաթում 4 գծով ավտոմայրուղին, ինչպես նաև Բաթումի-Սարֆի մայրուղու նախագիծը։ Բացի այդ, նա խոստացել է, որ ավարտին կհասցվեն Ադրբեջանի և Հայաստանի սահմանները կապող մայրուղիները, Լագոդեխի շրջանցիկ նոր մայրուղին և Թբիլիսի-Ռուսթավի 4-գիծ ավտոճանապարհը։
Շնորհանդեսին Կոբախիձեն անդրադարձել է Անակլիա նավահանգստի խնդրին, խոստացել է, որ նավահանգիստն առաջին նավերը կընդունի 2029-ին, իսկ Վազիանիում էլ կկառուցվի նոր միջազգային օդանավակայան։
Իրակլի Կոբախիձեի խոսքով, առաջիկա չորս տարիներին գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար կհատկացվի 3 մլրդ լարի։ Ինչ վերաբերում է էներգետիկ ոլորտին, ապա կուսակցության «ամբիցիոզ նպատակն» է, որպեսզի Վրաստանը դառնա լիովին ինքնաբավ ու անկախ երկիր, որպեսզի էլեկտրաէներգիայի արտադրությունը 2028-ին գերազանցի 8000, իսկ 2030-ին՝ 10000 մեգավատը։
Խոսելով կրթության ոլորտի մասին՝ Իրակլի Կոբախիձեն նշել է, որ նախատեսվում է էապես ավելացնել Քութայիսիի միջազգային համալսարանի ենթակառուցվածքները, ուսանողների թիվը, մասնավորապես, այն պետք է գերազանցի 20 հազարը։ Նա նաև ուշադրություն է հրավիրել փաստի վրա, որ Քութայիսիի միջազգային համալսարանը պետք է դառնա Վրաստանում համալսարանական կրթություն ստանալու հավասար կարևոր կենտրոն։
Մշակույթի և սպորտի զարգացման հարցում վարչապետը խոստացել է, որ ընտրություններում «Վրացական երազանք»-ի հաղթանակի դեպքում պետբյուջեից 30 մլն լարի կհատկացվի արվեստագետներին և արվեստին աջակցելու համար, իսկ 2 մլն լարի՝ սպորտային ենթակառուցվածքների զարգացմանը։ Բացի այդ, նա խոստացել է, որ Թբիլիսին կունենա նոր մարզադաշտ՝ 70 հազար հանդիսականի համար, որպեսզի 2028-ին Վրաստանը կարողանա ընդունել Չեմպիոնների լիգան։ Ինչպես ասվեց նախընտրական ծրագրի շնորհանդեսին, մարզադաշտը հարմարեցված է լինելու թե՛ ֆուտբոլի, թե՛ ռեգբիի համար, ինչպես նաև հանդիսանալու է համերգային ենթակառուցվածք։
Խոսելով առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտի մասին՝ Իրակլի Կոբախիձեն խոստացել է, որ հանրապետական հիվանդանոցը անպայման կկառուցվի, որի նախագիծը շուտով կներկայացվի։ Նա նաև նշեց, որ հաջորդ տարի կենսաթոշակները կբարձրանան մինչև 350-450 լարի, «տնտեսական աճը» դա հնարավոր է դարձնում։
Ինչ վերաբերում է պաշտպանության ոլորտին, ինչպես հայտարարեց Իրակլի Կոբախիձեն, եթե «Վրացական երազանքը» հաղթի հոկտեմբերի ընտրություններում, նախատեսվում է զարգացնել ազգային ռազմարդյունաբերությունը, ինչպես նաև ռազմական և ոստիկանության սոցիալական աջակցությունը, մասնավորապես, կլինի. ներդրումներ ռազմական ենթակառուցվածքներում, նյութատեխնիկական բազայի նորացում, «Ռազմական քաղաք» ստեղծում, որտեղ կտեղակայվի ավելի քան 1000 զինվոր։ Նա նաև խոստացավ, որ «Վրացական երազանքը» պատրաստվում է բարելավել ոստիկանների կենցաղային պայմանները և նրանցից մոտ 1000-ին բնակարան կտրամադրի նորակառույց շենքում։
Վարչապետը «Վրացական երազանք»-ի նախընտրական շնորհանդեսը եզրափակել է արտաքին քաղաքականության դաշտի ակնարկով և թվարկել այն հիմնական քայլերը, որոնք կուսակցությունը կձեռնարկի ընտրություններում հաղթելու համար։ Սա ԱՄՆ-ի և Եվրամիության հետ հարաբերությունները վերսկսելու և եվրաինտեգրման վրա կենտրոնանալու համար է, որպեսզի մինչև 2030 թվականը Վրաստանը հնարավորինս պատրաստ լինի ԵՄ անդամակցությանը։ Իր ելույթում Իրակլի Կոբախիձեն նշեց, թե երբ հնարավոր կլինի վերսկսել հարաբերությունները ԱՄՆ-ի և Եվրամիության հետ. «Վստահ ենք, որ հաջորդ տարի՝ Ուկրաինայի պատերազմի ավարտից հետո, համապատասխան քայլեր կձեռնարկվեն, որոնք կապահովեն հարաբերությունների վերսկսումը»։
Ինչպես նշել է վարչապետը, կուսակցությունը նախատեսում է նաև մինչև 2028-ը կատարել Ասոցացման համաձայնագրով և Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների 90 տոկոսը։ Բացի այդ, «Վրացական երազանքի» արտաքին քաղաքական առաջնահերթություններն են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացումը, Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության խորացումը, Ռուսաստանի հետ պրագմատիկ քաղաքականությունը և հակամարտության խաղաղ կարգավորումը։
Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ ներկայացված ծրագիրը ներառում է այն գործողությունների մոտ 20 տոկոսը, որոնք կիրականացվեն առաջիկա չորս տարիներին։ Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, որոնք կորոշեն Վրաստանի, այդ թվում՝ իշխող «Վրացական երազանքի» ապագան։
Հեղինակ՝
Էդիկ Կամալյան