Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում անցկացվեց «Հայոց ցեղասպանությունը և կինը» խորագրով երեկույթ: Նախ ներկայացվեց տարբեր տարիներին նկարահանված վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի մասին հակիրճ տեղեկատվություն, որոնցում հայոց ցեղասպանության տարիներին հայ կնոջ հերոսությունը պատկերող դրվագներ կան: Ապա ցուցադրվեց շվեդահայ ռեժիսոր Սյուզան Խարդալյանի «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմը, որը պատմում է 1915թ. հայոց ցեղասպանությունը վերապրածների սերունդների մասին:
Ռեժիսորը ցույց է տվել իր տատի և ստրկության մեջ հայտնված 300 հազար այլ հայուհիների դաջվածքների պատմությունները, երբ թուրքերը,որպես սեփականության կանանց դաջվածքներ են արել նրա մարմնի տարբեր հատվածներում` գլխին, դեմքին, ձեռքերին: Միջոցառումն ուղեկցվում էր բանախոսական նյութերով՝ մեծ Եղեռնի տարիներին հայ կնոջ քրիստոնեական հավատին և ազգին նվիրվածության թեմայով:
Խոսքը վրացերեն էր հնչում, քանի որ նաեւ վրացի հյուրեր կային. «Շատ եմ կարդացել այս մասին, շատ հայ ընկերներ ունեմ տարբեր երկրներում, եւ սա շատ ցավալի հարց է նրանց համար: Ես դիտել եմ այն ֆիլմը, որ նկարահանել է թուրք ռեժիսորը, ներկայացված էր փառատոնում, ինձ ցնցեց այս փաստը: 21-րդ դարում ցանկացած երկիր, ազգություն պետք է այնպես ապրի, որ այլեւս չկրկնվի ցեղասպանություն»,-ասում է վրացի մասնակիցներից մեկը:
Հայ ժողովրդի պատմության մեջ անգնահատելի է կնոջ դերը: Կինը միշտ իր ուսերին է կրել բոլոր ժամանակների ծանրությունների զգալի մասը՝ դա եղել է հավատքի և լեզվի, հայի տեսակի պահպանությունը.
«Ցեղասպանության տարիների հայ կնոջ չարչարքների մասին ավելի քիչ է խոսվել, և մենք, որպես հայ կանանց միավորող կազմակերպություն, որոշեցինք մի փոքր ավելի խորը և ավելի ակնհայտ ներկայացնել՝ ինչ է արել կինը ցեղասպանության տարիներին»,- ասաց Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը: