Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին ևս մեկ անգամ կոչ է անում Վրաստանի քաղաքացիներին մասնակցել հոկտեմբերի 26-ին կայանալիք ընտրություններին՝ նշելով, որ դա վճռորոշ է վրաստանցիների ապագայի համար։
Հերչինսկին՝ դիմելով ժողովրդին, ասել է. «4 օրից դուք հնարավորություն ունեք գնալ ու ընտրել հաջորդ կառավարությանը։ Ընտրությունները ժողովրդավարության տոն են. սա այն օրն է, երբ դուք կարող եք որոշել ձեր և ձեր երեխաների ապագան։ Խնդրում եմ գնացեք քվեարկեք, ընտրեք ձեր ցանկություններն ու ձգտումները ներկայացնող կառավարություն: Անցյալ շաբաթ ես կրկին տեսա ԵՄ բազմաթիվ դրոշներ Թբիլիսիի փողոցներում։ Որպես ԵՄ դեսպան՝ դա հպարտության օր էր, երջանկության օր։ Փողոցներում շատ մարդ տեսա, բոլորն այնտեղ էին։ Ես տեսա շատ երիտասարդների»։
ԵՄ դեսպանը նշել է, որ ԵՄ-Վրաստան հարաբերությունները գտնվում են պատմական նվազագույնի վրա. Վրաստանի՝ ԵՄ-ին ինտեգրվելու գործընթացը դադարեցված է, ԵՄ-ի ղեկավարները հստակ հայտարարել են, որ դա վրացական իշխանությունների գործողությունների հետևանքն է։
«Անցյալ դեկտեմբերին մենք որոշում կայացրինք բացել մեր դռները ձեր առաջ, Վրաստանի առաջ: Մենք սպասում ենք ձեզ, բայց դուք ինքներդ պետք է անցնեք դրա միջով։ Ոչ ոք չի կարող դա անել ձեր փոխարեն: Դա ձեր որոշելիքն է: Սա ձեր երկիրն է, ձեր ընտրությունը: Ընտրությունը ձերն է, Վրաստանը ձերն է։ Գնացեք քվեարկելու, ընտրեք ձեր ապագան։ Առաջ Վրաստա՛ն, առա՛ջ»,- ասել է ԵՄ դեսպանը։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ Վրաստանյան ընտրությունները դիտարկվում են որպես հանրաքվե՝ Վրաստանը ռուսական ուղեծիր է գնում, թե շարունակում է եվրաինտեգրումը։