Իվանիշվիլին սպառնում է դատել նաև Գախարիային

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին սպառնում է դատել նախկին կուսակից վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիային և նրա կուսակցության անդամներին:

Իվանիշվիլին այս մասին խոսել է իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերությանը տված ավելի քան մեկ ժամ տևած հարցազրույցում։ Իվանիշվիլին «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գախարիային անվանել է «անամոթ»՝ նշելով՝ վերջինիս դատելու համար «փաստաթղթերը կազմակերպվել են դատարանի մակարդակով»։

Նշենք, որ սա առաջին անգամը չէ, երբ «Վրացական երազանք»-ը և նրա հիմնադիր Իվանիշվիլին խոսում են ընդդիմությանը դատելու մասին:

Իվանիշվիլին հոկտեմբերի 1-ին կուսակցության անունից տարածած հայտարարության մեջ, որը կապված էր իշխանության գալու 12-րդ տարելիցի հետ, կրկին խոստացել էր հետապնդել քաղաքական հակառակորդներին։ Իվանիշվիլին հենց այդպես է բացատրում սահմանադրական մեծամասնություն ստանալու անհրաժեշտությունը:

Ուշագրավ է, որ սա իշխող կուսակցության նախընտրական քարոզարշավի հիմնական թեմաներից է դարձել:

Իվանիշվիլին խոստանում է` ընդդիմությունը հակասահմանադրական կճանաչվի