Իվանիշվիլին ընտրությունների և պատժամիջոցների մասին

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի կարծիքով, միջազգային գործընկերների «շանտաժն» ու պատժամիջոցները «հակառակ արդյունք» են տվել։ Այս մասին Իվանիշվիլին խոսել է իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Հաղորդավարը նրան հարցրել է ընտրություններից առաջ միջազգային գործընկերների քննադատությունների և հնարավոր պատժամիջոցների մասին, ինչին ի պատասխան Իվանիշվիլին ասել է, որ հայտարարությունները «շանտաժ են պարունակում»։ Նա դրանք անվանել է «գլոբալ պատերազմի կուսակցության կողմից համակարգված»: Ի դեպ, Իվանիշվիլիի արտաբերած այս տերմինը դարձել է «Վրացական երազանք»-ի հիմնական ապատեղեկատվական նարտիվը:

Իվանիշվիլին խոսել է նաև ընտրությունների հաջորդող օրերի մասին և ասել, որ իր կանխատեսմամբ՝ հոկտեմբերի 27-ը «շատ հանգիստ» է լինելու։

«Ես ականատես կլինեմ իրադարձություններին, կասեմ, որ արտառոց ոչինչ չի լինի: Հաջորդ օրը կլինի շատ հանգիստ, սակայն մինչև պատերազմը չավարտվի, իրավիճակը լարված կմնա: Աշխարհաքաղաքական առումով լարված իրավիճակ է լինելու, ուստի պետք է զգույշ լինել»,- ասել է Իվանիշվիլին:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով: Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն այն քաղաքական կուսակցություններին, որոնք կհաղթահարեն 5 տոկոսի շեմը։

Խորհրդարանական ընտրությունների համար արգելվում է կուսակցություններին միավորել դաշինքների մեջ, նրանց համար ընտրություններին միասին մասնակցելու միակ ճանապարհը միասնական ընտրական ցուցակի ստեղծումն է։ Ընտրացուցակում կարող է հայտնվել միայն ընտրություններին մասնակցող կուսակցության անդամը կամ անկուսակցական գործիչը։