«Ալիք Մեդիա Վրաստան»-ը Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ներկայացնում է ընտրական սուբյեկտների՝ միավորումների և կուսակցությունների քաղաքական անցյալը, խոստումները, ցուցակները, առաջնորդների մասին տեղեկությունն ու քաղաքական ուժերի գաղափարախոսությունները:
«Գախարիան՝ հանուն Վրաստանի» ուժը 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է որպես քաղաքական կուսակցություն, ընդգրկված չէ կոալիցիայում։ Ղեկավարը Վրաստանի նախկին վարչապետ (2019-2021) Գիորգի Գախարիան է, կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է «25» համարի ներքո։ «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցությունը հիմնվել է 2021 թվականի մայիսի 29-ին, առաջին անգամ է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, մինչ այդ մասնակցել է ՏԻՄ ընտրություններին։
«Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցությունը առաջադեմ, եվրոպամետ քաղաքական ուժ է, որը հավատարիմ է երկրի քաղաքական և սոցիալ-տնտեսական վերափոխմանը: Կուսակցությունն աջակցում է ժողովրդավարական բարեփոխումներին, շուկայական ուղղվածությամբ տնտեսական աճին, օրենքի գերակայությանը և եվրոպական ինտեգրմանը, միևնույն ժամանակ նպատակ ունենալով նպաստել Վրաստանում կայունությանը, միասնությանը և արդիականացմանը:
Ստորև ձեզ ենք ներկայացնում «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցության նախընտրական ծրագիրը «Արժանապատիվ կյանքի մանիֆեստ 2024» և ընտրական ցուցակը։
2024 թվականի նախընտրական ծրագիր. ինչ է խոստանում «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցությունը
2024 թվականի սեպտեմբերի 25-ին Գիորգի Գախարիան ներկայացրել է «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցության նախընտրական ծրագիրը, որում քննարկվում են սոցիալ-տնտեսական, ժողովրդավարության և օրենքի գերակայության, արտաքին և անվտանգության, խաղաղության քաղաքականության հարցեր։ Կուսակցության կարգախոսն է՝ «Դեպի Եվրոպա իրական խաղաղությամբ, արժանապատվությամբ ու բարգավաճմամբ»։
«Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցության 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագիրն ունի հետևյալ տեսքը.
- Առաջիկա 4 տարիների ընթացքում Վրաստանի ողջ տարածքում կավարտվի գազաֆիկացման, ջրամատակարարման և ինտերնետացման գործընթացը
- Կապն ապահովելու և տնտեսական հատվածների զարգացումն ապահովելու նպատակով կիրականացվի երկրի տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացում, այն է՝ Արևելք-Արևմուտք արագընթաց տրանսպորտային միջանցքի հետագա ընդլայնում Կախեթի, Գուրիա-Սամեգրելո և Ռուսթավի- Գարդաբնի ուղղությամբ
- «Գործընկերության հիմնադրամ» բարեփոխման արդյունքում կստեղծվի տնտեսական զարգացման բանկ, որը կտրամադրի երկարաժամկետ և ռազմավարական ֆինանսավորում (երկարաժամկետ 10-15 տարի ցածր տոկոսադրույքով բիզնես վարկեր)
- Օրենսդրության համաձայն՝ կսահմանվի համարժեք նվազագույն աշխատավարձ՝ ժամը 5 լարիի չափով, որը ամսական միջինը կազմում է 950 լարի
- Կհավասարեցվեն տղամարդկանց և կանանց աշխատավարձերը
- Ստեղծվելու է գործազրկության ապահովագրության ժամանակավոր մեխանիզմ, ժամանակավոր գործազուրկը 5-6 ամսվա աշխատավարձի 60 տոկոսը կստանա
- Հղիության և ծննդաբերության արձակուրդից օգտվելիս՝ 2000 լարի միանվագ փոխհատուցման հետ պետությունը աշխատողին կփոխհատուցի նվազագույնը 950 լարի՝ 6 ամսվա կտրվածքով
- Արտաժամյա աշխատանքի համար աշխատողը կստանա ժամային աշխատավարձի առնվազն 125-ից 250 տոկոսը
- Սոցիալապես անապահով խավերի, կանանց և երիտասարդների զբաղվածությանն աջակցելու համար տարեկան կծախսվի 300 մլն լարի
- Կստեղծվի տեղեկատվական աջակցության հարթակ հաշմանդամ երեխաների ծնողների համար
- Պետությունը կվճարի հավելյալ 950 լարի զբաղված երիտասարդներին
- Մենք իրականացնելու ենք մեր սկսած, բայց արդեն դադարեցված ծրագիրը՝ անվճար սնունդ հանրակրթական դպրոցներում
- Կմեծացնենք մարզերի մասնագիտական ուսումնարանների հասանելիությունը
- Կկառուցենք ընդհանուր ուսանողական բնակարաններ խոշոր պետական բուհերի համար
- Առաջին տարում կենսաթոշակը կավելանա 200, յուրաքանչյուր հաջորդ տարում՝ 100 լարիով
- Սոցիալապես անապահով ընտանիքի ապրուստի նպաստն առաջին տարում կավելանա 200, իսկ հաջորդ տարի՝ 100 լարիով
- Գյուղերում և լեռնային բնակավայրերում ընտանիքի երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխան մինչև դպրոցական տարիքը կստանա ամսական 500 լարի
- ՆՏԱ-ների սոցիալական նպաստը կհասցվի 150 լարիի
- Կստեղծվի պատշաճ փրկարարական համակարգ՝ ժամանակակից տեխնոլոգիաներով, պրոֆեսիոնալ փրկարարներով
- Կընդլայնվի Թբիլիսիի մետրոպոլիտենը, կավելացվի մետրոյի 15 նոր կայարան՝ Դիդի Դիգմի, Գլդանի, Լիլո բնակավայրի և միջազգային օդանավակայանի ուղղությամբ
- Ռուսթավին Թբիլիսիին կմիանա վերգետնյա մետրոյի միջոցով
- Թբիլիսիի Մտկվարի հատվածում կկառուցվի 4 նոր կամուրջ
- Կկառուցվի ավտոճանապարհ դեպի Էնգուրի
- Գնաճը կվերահսկվի ոչ միայն տոկոսադրույքով, այլ միջոցներով, ինչը կնվազեցնի բանկային վարկերի տոկոսները։ Մենաշնորհների դեմ պայքարը կնվազեցնի դեղերի, բժշկական և կենցաղային ապրանքների արհեստականորեն ուռճացված գները
- Զարգացման բանկը հնարավորություն կստեղծի երկարաժամկետ ցածր տոկոսադրույքներով ֆինանսավորել ձեռներեցությունը
- Արտահանման վարկավորման գործակալությունը աջակցություն կտրամադրի ապրանքների արտահանմանը ԵՄ շուկա
- Գյուղատնտեսությունը սուբսիդավորվող ներմուծումից պաշտպանելու համար կկիրառվեն միջազգային օրենսդրությամբ թույլատրված հարկային և այլ սակագնային մեխանիզմներ
- Գյուղատնտեսական տեխնոլոգիաներում ներդրումների համար արտադրողը պետությունից կստանա դրամաշնորհ՝ ներդրման 100 տոկոսի չափով
- Կիրականացվի Չիատուրա, Զեստաֆոն, Թղիբուլի և Ռուսթավի ձեռնարկությունների ժամանակավոր վերազգայնացում
- Կստեղծվի անկախ Հակակոռուպցիոն գործակալություն
- Կմշակվի քաղաքական էլիտար կոռուպցիայի մասին օրենքը, գողացված գումարները կվերադարձվեն ժողովրդին
- Գլխավոր դատախազը կընտրվի քաղաքական կոնսենսուսով
- Արդարադատության բարձրագույն խորհրդի և դատախազության խորհրդի անկախ անդամներ կընտրվեն
- Վերլուծությունների վրա հիմնված արդար համաներում կնախաձեռնվի
- Կստացվի կազմակերպված հանցավորության նկատմամբ մոտեցումը
- Վարչարարության գործընթացում կոռուպցիան կվերացվի
- Մեկընդմիշտ կավարտվի քաղծառայողների բաժանումը՝ «Նացերի» ու «Քոցերի»
- Առանց Աբխազիայի և Ցխինվալիի տարածաշրջանի չկա ուժեղ Վրաստան. ոչ ոք չի կարող ռուսների, աբխազների և օսերի հետ խոսել մեր անունից ապաօկուպացիայի մասին
- Կպարզեցվի աբխազական և օսական պետհամարանիշներով մեքենաների տեղաշարժը և բաժանարար գծերի մոտ բեռնափոխադրումների կանոնակարգը
- Վրաստանին ԵՄ անդամակցություն է պետք, որպեսզի ուժեղ վրացական պետությունն իր արևմտյան գործընկերների հետ ամուր դիրքորոշմամբ խոսի օկուպացիոն երկրի հետ խաղաղ ապաօկուպացիայի մասին՝ հասնելու արդյունքի
- Կատարելով Եվրամիության վերապահումները և համախմբելով հասարակական և քաղաքական սպեկտրը, արագորեն Վրաստանը մուտք կգործի Եվրամիություն
- Կմշակվի ընդհանուր ազգային տեսլական և ռազմավարություն երկրի ապաօկուպացիայի և խաղաղ կարգավորման համար
- Կգործի օկուպացիոն գծի մոտ գտնվող բնակչության վրա կենտրոնացված քաղաքականություն
- Պաշտպանական կարիքներին համապատասխանեցված բյուջեն սահմանվում է որպես համախառն ներքին արդյունքի առնվազն 2 տոկոսը
Էթնիկ փոքրամասնությունների հետ կապված նախընտրական ծրագիրը խոստումների տեսքով պարունակում է մի քանի ընդհանուր գրառում.
«Մենք հեշտացնելու ենք էթնիկ փոքրամասնությունների ինտեգրումը հասարակական-քաղաքական կյանքում՝ ապահովելով նրանց ներկայացվածությունն օրենսդիր և գործադիր իշխանություններում, ինչպես նաև քաղաքապետարաններում։ Մեզ համար կարևոր է, որ դա խոստում չմնա։ Ուստի մենք արդեն աշխատում ենք, որպեսզի կուսակցությունը, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ներկայացված լինեն որոշում կայացնող պաշտոններում։ Մենք հավասար պայմաններ ենք ստեղծելու նրանց աշխատանքի և քաղաքական մասնակցության համար» (Ընտրական ծրագիր, էջ 24):
Նշվում է, նաև, որ կմեծացնեն վրացերենի ուսուցման հնարավորությունները (Ընտրական ծրագիր, էջ 27)։
«Մեր քաղաքականությունը կապահովի յուրաքանչյուր քաղաքացու և բոլոր խոցելի խմբերի, այդ թվում՝ կանանց, երիտասարդության, փոքրամասնությունների շահերի և իրավունքների պաշտպանությունը և կնպաստի նրանց լիարժեք ինտեգրմանը երկրի սոցիալ-մշակութային և տնտեսական կյանքին։ Մենք կկարողանանք հասարակության մեջ առկա տարբերությունները դարձնել մեր առավելությունը, ձևավորել բազմազան և միևնույն ժամանակ միասնական հասարակություն» (Ընտրական ծրագիր, էջ 2):
Ընտրացուցակը
«Գախարիան՝ հանուն Վրաստանի» քաղաքական կուսակցությունը սեպտեմբերի 25-ին ներկայացրել է հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների 115 հոգանոց ընտրացուցակը։ Ցուցակի առաջին համարը հենց ինքը՝ Գիորգի Գախարիան է, նրան հաջորդում են կառավարության այլ նախկին ներկայացուցիչներ, որոնք Գախարիայի՝ ՆԳ նախարարի, ապա՝ վարչապետի պաշտոնավարման տարիներին են պաշտոններ զբաղեցրել։ Ընտրացուցակի ներկայացման ժամանակ Գիորգի Գախարիան իր ելույթում նշել է կուսակցության հիմնական կարգախոսը. «Այս ընտրություններում մեր հիմնական նպատակն ու կարգախոսը լինելու է ոչ «Երազանքին», ոչ «Ազգային շարժմանը», խաղաղություն Վրաստանին, պաշտպանություն իրական խաղաղությանը», ինչը վկայում է այն մասին, որ նա հավակնություն ունի ձևավորվել որպես նոր, երրորդ ուժ։
Ցուցակում ընդգրկված են նաև երեք նախկին պատգամավորներ, որոնք խորհրդարան են մտել 2016 թվականին «Վրացական երազանքի» ցուցակով, սակայն 2019 թվականին լքել են իշխող կուսակցությունը՝ Դիմիտրի Ցկիթիշվիլին, Զվիադ Ձիձիգուրին և Լևան Գոգիչաիշվիլին։ Բացի այդ, ընդգրկված են երեք ակտիվ պատգամավորներ, նրանք 2021 թվականին դուրս են եկել «Վրացական երազանքի» մեծամասնությունից՝ միանալով Գախարիայի կուսակցությանը՝ Անա Բուչուկուրին, Բեկա Լիլուաշվիլին և Շալվա Կերեսելիձեն։ Այդ թվում նաև պատգամավոր Թեոնա Ակուբարդիան, որն ընտրվել է ընդդիմադիր «Ստրատեգիա Աղմաշենեբելի» ցուցակով, սակայն կուսակցությունը լքել է 2022 թվականին։
«Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցության ընտրական ցուցակի առաջին դասակն ունի հետևյալ տեսքը.
- Գիորգի Գախարիա – նախկին վարչապետ, «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ
- Նատիա Մեզվրիշվիլի – Ներքին գործերի նախկին փոխնախարար, կառավարության վարչակազմի նախկին ղեկավար
- Դիմիտրի Ցկիթիշվիլի – նախկին պատգամավոր (2016-2020 թթ.)
- Կախաբեր Քեմոկլիձե – կառավարության վարչակազմի նախկին ղեկավար
- Զվիադ Ձիձիգուրի – նախկին պատգամավոր, «Պահպանողական կուսակցության» նախագահ
- Զազա Թավաձե — Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամ «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցությունից, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ
- Աննա Բուչուկուրի – 10-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր
- Բերդիյա Սիչինավա — «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցության գործադիր քարտուղար
- Ռոին Քոչորաշվիլի – նախկին պետական ծառայող, Վրաստանի հավաքականի կիսապաշտպան Գիորգի Քոչորաշվիլիի հայրը
- Բեքա Լիլուաշվիլի – տնտեսագետ, 10-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր
- Թեոնա Աքուբարդիա – Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանի անկախ պատգամավոր
- Լևան Գոգիչաիշվիլի – նախկին պատգամավոր (2016-2020 թթ.)
- Գիգա Ֆարուլավա – Զուգդիդի քաղաքապետարանի խորհրդի նախագահ
- Գելա Աբուլաձե – Ծալենջիխի սակրեբուլոյի պատգամավոր
- Շալվա Կերեսելիձե – Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր
- Թամար Խվեդելիանի – բժիշկ, «Հանուն Վրաստանի» կուսակցության կանանց կազմակերպության նախագահ և քաղխորհրդի անդամ
- Էլգուջա Խոկրիշվիլի – նախկին դիվանագետ, Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախկին նախարար, շրջակա միջավայրի և բնական պաշարների պահպանության նախկին նախարար
- Վիկա Ֆիլֆան — «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավար
- Կախա Նուրալիձե — բժիշկ
- Սոֆո Խորգուանի – հանրային պաշտպանի նախկին տեղակալ
Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ վերը ներկայացված ընտրացուցակը գենդերային առումով հավասարակշիռ է՝ ցուցակում ներկայացված 115 թեկնածուներից 52-ը կին (45 տոկոս), 63-ը՝ տղամարդ են (55 տոկոս), սակայն ցուցակի առաջին դասակում ներկայացված է 6 կին, ինչը նշանակում է, որ կանայք, ցավոք, ներկայացված են ցուցակում ավելի ցածր տեղերում։
Պետք է ասել նաև, որ «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցությունն ունի իր ներկայացուցիչը Սամցխե-Ջավախեթիում՝ Նարինե Գինոսյանը (ընտրացուցակում 55 համարի ներքո), նա ընդհանուր առմամբ ընտրացուցակում ազգային փոքրամասնություն ներկայացնող միակ թեկնածուն է։
Գիորգի Գախարիայի քաղաքական անցյալը
Գիորգի Գախարիան Վրաստանի քաղաքական ասպարեզ է եկել 2014 թվականին՝ նշանակվելով է Տնտեսական խորհրդի քարտուղար (Տնտեսական հարցերով Վրաստանի վարչապետի խորհրդական)։ Մինչ իր քաղաքական կուսակցությունը ստեղծելը, նա «Վրացական երազանքի» կարկառուն դեմքերից էր (մինչև 2021 թվականը)։ 2016-ին Գիորգի Գախարիան Վրաստանի Տնտեսագիտության և կայուն զարգացման նախարար է նշանակվել, իսկ 2017-ին՝ Վրաստանի ներքին գործերի նախարար, ինչպես նաև Վրաստանի փոխվարչապետ։ Բացի այդ, 2019-ին նա կարճ ժամանակով զբաղեցրել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, իսկ 2019-ի սեպտեմբերի 8-ին դարձել է Վրաստանի վարչապետ։
Գիորգի Գախարիան վարչապետի պաշտոնից հեռանալու մասին հայտարարել է 2021 թվականի փետրվարի 18-ին։ Որպես վարչապետի պաշտոնը լքելու պատճառ նա նշել է թիմի հետ անհամաձայնությունը ընդդիմադիր առաջնորդ Նիկա Մելիայի կալանավորման հարցում. նա անհիմն էր համարել «Միացյալ ազգային շարժման» այդ ժամանակվա նախագահ Նիկա Մելիային ձերբակությունն այն պայմաններում, երբ սպառնալիք կար քաղաքական էսկալացիայի.իր հրաժարականից հետո Գիորգի Գախարիան լքեց «Վրացական երազանքը»՝ 2021-ի մարտի 22-ին հայտարարություն տարածելով. «Այսօր ես հայտարարում եմ, որ մնում եմ վրացական քաղաքականությունում։ Այժմ աշխատում եմ իմ սեփական քաղաքական օրակարգի սահմանման վրա։ Վրաստանը պետք է վերացնի քաղաքական բևեռացումը, մշակի եվրոպական ապագայի օրակարգ»։ 2021 թվականի մայիսի 29-ին նա արդեն հիմնեց իր «Հանուն Վրաստանի» կուսակցությունը, որի շնորհանդեսին ասաց. «Այսօր մենք համախմբվում ենք հանուն Վրաստանի, բայց ոչ մեկի դեմ»։
Նշենք, որ այս տարվա սեպտեմբերի 23-ին «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցությունը ստորագրել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նախաձեռնած «Վրացական խարտիան», որը միավորում է գրեթե բոլոր արևմտամետ ընդդիմադիր ընտրական սուբյեկտներին։
Նշենք նաև, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշիլիի միջնորդությամբ Գիորգի Գախարիան փորձել է բանակցել «Լելո» կուսակցության նախագահ Մամուկա Խազարաձեի հետ՝ կոալիցիա ստեղծելու նպատակով, սակայն այդ բանակցություններն ավարտվել են անհաջողությամբ։
2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, որոնք առաջին անգամ կանցկացվեն միանգամայն համամասնական կարգով։ Ընտրական սուբյեկտները ընտրություններին մասնակցում են ինչպես կոալիցիաներով, այնպես էլ առանձին՝ որպես քաղաքական կուսակցություններ։
Հեղինակ՝
Էդիկ Կամալյան