Ընտրություն՝ Վրաստանի եվրոպական ապագայի համար

Եվրամիության (ԵՄ) անդամ 13 երկրների արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Վրաստանում տիրող նեքաղաքական իրավիճակի մասին։ Նրանք ակնկալում են, որ Վրաստանի կառավարությունը հոկտեմբերի 26-ին կապահովի ազատ և արդար ընտրություններ։

Եվրոպացի ԱԳ նախարարների խոսքով Եվրամիության դուռը դեռ բաց է մնում Վրաստանի առջև։

«Ուրախ կլինենք Վրաստանը տեսնել եվրոպական ընտանիքում՝ որպես Եվրամիության անդամ։ Վրաստանը եվրոպական, բազմակարծիք և ժողովրդավարական երկիր է՝ տարբեր քաղաքական սպեկտրով, կենսունակ քաղաքացիական հասարակությունով, հարուստ լրատվական դաշտով։ Ի վերջո, 2023 -ին Վրաստանը ստացել է Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ

ԵՄ դուռը բաց է, բաց է մնալու։ Այդ իսկ պատճառով Եվրոպական խորհուրդը վերահաստատում է իր անսասան համերաշխությունը վրաց ժողովրդի հետ և պատրաստակամությունը շարունակելու աջակցել վրացիներին եվրոպական ապագայի ճանապարհին», — նշված է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է՝ Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան ազատ ընտրել իրենց ապագան․ «Հուսով ենք, որ սա ընտրություն կլինի հօգուտ Վրաստանի եվրոպական ապագայի։ Ընտրությունը քոնն է։ Վրաստանի ապագան ձեր ձեռքերում է»։