2020 թվականի սեպտեմբերին Ախալքալաքի մի քանի գյուղերում, այդ թվում՝ Մուրջախեթում, նախընտրական քարոզարշավի բացման ժամանակ «Վրացական երազանքի» ներկայացուցիչ, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը խոսեց տեղի բնակչության խնդիրների մասին։
Սոցցանցում հրապարակված հրապարակման մեջ Մանուկյանը կարևորել է տեղի բնակչության առջև ծառացած խնդիրները, որոնց թվում քաղաքական գործիչն անդրադարձել է ճանապարհային խնդրին՝ խոստանալով ասֆալտապատել.
«Ցավոք, նշված գյուղերում դեռև խնդիրներ կան․ օրինակ՝ խմելու ջրի, ինչպես նաև ճանապարհների ասֆալտապատման խնդիրը։ Դրանք շուտով կլուծվեն մեր միասնական ջանքերով»։
«Ալիք Մեդիան» հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է գտնվում խոստման կատարումը, արդյո՞ք քաղաքական գործչի նշած ճանապարհային ենթակառուցվածքների խնդիրը լուծվել է:
Նշենք, որ Մուրջախեթ գյուղը գտնվում է Ախալքալաքից ընդամենը 5 կմ հեռավորության վրա, սակայն տեղացիներին ավելի քան մեկ ժամ է պահանջվում քաղաք հասնելու համար: Գյուղ տանող երկու ճանապարհ կա՝ մեկը Չամդուրա գյուղից, մյուսը՝ Խոսպիոյից։ Գյուղացիները որպես գլխավոր ճանապարհ, համարում են Խոսպիոյի ճանապարհը։
2022 թվականին այս խնդրին անդրադարձել են նաև տեղական լրատվամիջոցները։ Հոդվածում նշվում է, որ «Մուրջախեթում ճանապարհների վերանորոգման աշխատանքներն իրականացվում են տարին մեկ կամ երկու անգամ», սակայն խնդիրը դեռ լուծված չէ:
Զրուցելով տեղի բնակիչների հետ՝ «Ալիք Մեդիան» պարզել է, որ Մանուկյանի՝ պատգամավոր լինելու 4 տարիների ընթացքում Մուրջախեթ տանող ճանապարհը չի ասֆալտապատվել:
Մենք ուսումնասիրել ենք նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի 2024 թվականի բյուջեի նախագիծը, որը նույնպես չի նախատեսում 2024 թվականին Մուրջախեթ տանող ճանապարհի հարցի լուծում:
Մենք կապ հաստատեցինք Ախալքալաքի քաղաքապետարանի հետ, քաղաքապետարանի ներկայացուցիչը հաստատեց, որ Մուրջախեթ տանող ճանապարհը դեռ ասֆալտապատված չէ։ Ելնելով վերոնշյալից՝ կարելի է փաստել, որ 2020 թվականին Սամվել Մանուկյանի տված խոստումը չի կատարվել: