«Գործակալների օրենք»-ը կբողոքարկեն Ստրասբուրգի դատարանում

Վրաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ու ֆիզիկական անձինք «գործակալների օրենք»-ի դեմ Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայց կներկայացնեն:

Հոկտեմբերի 17-ին «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» (GYLA) հասարակական կազմակերպության գրասենյակում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարվել է, որ հայցը բողոքարկվելու է Ստրասբուրգի դատարանում 16 լրատվամիջոցների, 120 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և 4 անհատների անունից։

Հայցվորները կբողոքարկեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով հավաքների և միավորումների ազատության իրավունքի (հոդված 11), արտահայտվելու ազատության (հոդված 10), անձնական և ընտանեկան կյանքի պաշտպանության իրավունքի (հոդված 8), խտրականության (հոդված 14), իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքի (հոդված 13) և սահմանափակումներով իրավունքների օգտագործման շրջանակի (հոդված 18) խախտումների մասին:

«Ռուսական օրենքը ոչ միայն ուղղված է քաղաքացիական հասարակության ու լրատվամիջոցների սահմանափակմանը, այլև ծառայում է բոլոր քաղաքացիներին միմյանցից մեկուսացմանը և քննադատական ​​ձայների ճնշմանը։ Դիմող կազմակերպություններն աշխատում են այնպիսի հանրային խնդիրների վրա, ինչպիսիք են՝ շրջակա միջավայրի պաշտպանությունը, հաշմանդամներին օգնությունը, կանանց և երեխաների պաշտպանությունը բռնությունից, դատական ​​բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը, հետաքննող լրագրությունը և այլն», — ասել են Ստրասբուրգ դիմողները:

Նրանց կարծիքով, «ռուսական մեթոդներով անկախ կազմակերպությունների դեմ պայքարը ոչ միայն խախտում է մարդու հիմնարար իրավունքները, այլև խաթարում է վրաց ժողովրդի անսասան ընտրությունը եվրատլանտյան կառույցներին ինտեգրվելու հարցում»։

«Ափսոս, որ սահմանադրական պարտավորությունը, որը պետական ​​մարմիններին պարտավորեցնում է պաշտպանել քաղաքակրթական այս բոլոր ընտրությունները, խախտում են պետական ​​մարմինները, և Սահմանադրական դատարանը հրաժարվում է կատարել իր պարտականությունը»,- հայտարարել են նրանք:

Հիշեցնենք. հոկտեմբերի 9-ին Սահմանադրական դատարանի կայքը հրապարակեց հոկտեմբերի 4-ի արձանագրությունը, որով մասնակիորեն վարույթ է ընդունվել «գործակալների օրենք-ի» դեմ ներկայացված չորս հայցադիմում։Դատավորները ձայների մեծամասնությամբ համարեցին, որ «գործակալների օրենք»-ն անմիջական վտանգ չի ներկայացնում հասարակության և լրատվամիջոցների համար, ուստի հրաժարվեցին կասեցնել դրա գործունեությունը մինչև գործով վերջնական որոշում կայացնելը։

Ներկայում «գործակալների ռեեստր»-ում («օտարերկրյա տերության շահերը կրող կազմակերպությունների ռեեստր») գրանցված է 137 կազմակերպություն:

«Գործակալների օրենք»-ի ընդունման և հակաարևմտյան աճող հռետորաբանության ֆոնին ակտիվացել է եվրոպացի գործընկերների քննադատությունը Վրաստանի կառավարության հասցեին։ Վրաստանի գործընկեր երկրների և կազմակերպությունների գնահատմամբ՝ դա խոչընդոտում է երկրի եվրաինտեգրմանը, ինչին համամիտ չէ Վրաստանի իշխող կուսակցությունը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պնդել է, որ Վրաստանում ընտրություններից և Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո Եվրամիության ու Վրաստանի հարաբերությունները «գերծանրաբեռնված կլինեն»։