2022 թվականին Ախալքալաքում մեկնարկեց Եվրոպական ֆոնդից ֆինանսավորվող «Cool school» նախագիծը։ Նախագծի նպատակն է բարձրացնել մեդիագրագիտության մակարդակը տարածաշրջանում։ «Ալիք Մեդիա Վրաստան»-ը զրուցել է ծրագրի հեղինակ և իրագործող Ժաննա Չոգանդարյանի հետ սկզբնական գաղափարի, դասընթացների, մարտահրավերների մասին, հատկապես՝ ռուսական օրենքի կիրառման պայմաններում:
Ժաննան միաժամանակ սովորում է Իլիայի պետական և Վրաստանի ազգային կապերի համալսարանում՝ անգլերենի ու թվային կապերի և հաղորդակցության ուղղություններով։
Նա նշեց, որ մեդիագրագիտության ոլորտում ծրագրի իրագործումը բխում էր տվյալ ոլորտի խնդրից Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում, նաև` այդ գործը ձեռնարկեց, որովհետև տվյալ ոլորտում ուներ որոշակի փորձ ու գիտելիք։
Գործունեության երկու տարիների ընթացքում դպրոցում ընթացել են ոչ միայն մեդիագրագիտության դասեր, այլև քայլեր են արվել քաղաքական տեղեկատվության, սոցիալական խնդիրների վերհանման առումով, նաև տարբեր հանդիպումներ են եղել բնապահպանության, ընտրությունների թեմաներով և այլն։ Ծրագրի իրականացմանը մասնակցել են 250-ից ավելի անձինք։
«Երեխաները նոր հաղորդակցության աղբյուրներ են ձեռք բերում, նոր աղբյուրների հետ են ծանոթանում, ավելի են ակտիվացել, ինչն ինձ համար մեծ ձեռքբերում է, քանզի մեր նպատակն էր, որ նրանք ինտեգրվեին վրաց հասարակությանը»,- նշեց Ժաննան և հավելեց, որ հիմա, կարծես, մեդիագրագիտության դպրոցը շատ ակտիվ չէ, բայց նոր ծրագրերի անցկացման հեռանկարներ կան։
Ժաննան դպրոցի պասիվությունը, նախ, վերագրեց օգոստոսի 1-ից գործող «գործակալների օրենքին», որի պատճառով բարդացել են մի շարք կազմակերպությունների և դրամաշնորհների հետ համագործակցությունն ու ծրագրերի անցկացումը։ Նաև նշեց, որ իր դպրոցի գործունեությանը խոչընդոտում են նաև դպրոցների և պետական կառույցների հետ հաճախ նկատվող համագործակցության դժվարությունները։
«Նոր սերունդը շատ ավելի մեդիագրագետ է, և մենք «Cool school»-ում մեդիագրագիտությունը զարգացնելու համար աշխատել ենք ու կշարունակենք աշխատել»,-ասաց Ժաննան։
Նաև հավելեց, որ Վրաստանում մեդիագրագիտության ապագային լավատեսորեն է տրամադրված, քանզի տեսնում է, թե ինչպես են երիտասարդները նոր հմտություններ ձեռք բերում և տիրապետում դրանց։
Հեղինակ՝ Մարիաննա Մանուկյան