Խոչընդոտներ էթնիկ փոքրամասնությունների ու կուսակցությունների միջև

Վրաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ներկայացնում ենք էթնիկ փոքրամասնություններին հուզող հարցերն ու քաղաքական գործիչների տված խոստումները վերջիններիս: Նշված նյութի շրջանակներում անդրադարձել ենք հարցին, թե ինչ խոչընդոտներ կան էթնիկ փոքրամասնությունների` մասնավորապես Սամցխե-Ջավախեթիի հայերի և քաղաքական կուսակցությունների միջև: Նախընտրական շրջանում ներկայացնում ենք Վրաստանի քաղաքականության ինստիտուտի (GIP)  հետազոտությունը` հիմնված տարբեր փաստաթղթերի և գրականության, Սամցխե Ջավախքի տարածաշրջանի ներկայացուցիչների հետ անցկացված ֆոկուս-խմբերի ուսումնասիրության վրա:

Նշված է, որ չնայած պետությունը հաշվի է առնում շրջաններում ապրող բնակչության կարիքները, բայց բազմաթիվ մարտահրավերների և խոչընդոտների պատճառով էթնիկ փոքրամասնությունների ձայնը շատ հաճախ չի հասնում որոշում կայացնողներին։

Հետազոտության մեջ անդրադարձել են այն հիմնարար խնդիրներին, որոնք խանգարում են էթնիկ փոքրամասնություններին մասնակցել քաղաքական գործընթացներին: Որպես գլխավոր խանգարող գործոն` հետազոտությունում նշված են լեզվի խնդիրը, տեղեկատվական վակուումը և անբավարար քաղաքացիական ու քաղաքական կրթությունը:

Լեզվի խնդիրն առկա է էթնիկ փոքրամասնությունների մոտավորապես 60%-ի մոտ, իսկ 84%-ը վրացերեն գրված տեքստի բովանդակությունը չի կարողանում լավ հասկանալ, և սա հանգեցնում է տեղեկատվական վակուումին, որի հետեւանքով էթնիկ փոքրամասնությունները, կառավարող կուսակցությունից բացի, այլ քաղաքական կուսակցությունների մասին չունեն բավարար տեղեկություն:

2017 եւ 2018 թվականներին անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ Սամցխե-Ջավախեթիի եւ Քվեմո Քարթլիի էթնիկ փոքրամասնությունները հետաքրքրված չէին քաղաքական կյանքով, քանի որ քաղաքական կուսակցությունները չէին արտահայտում նրանց շահերը։ Որպես հետևանք՝ էթնիկ փոքրամասնությունները կամ չեն մասնակցում ընտրություններին, կամ մասնակցում են, բայց անբավարար տեղեկատվության պատճառով ընտրություն են կատարում՝ տեղյակ չլինելով կուսակցությունների քաղաքական ծրագրերի մասին։

Նշենք, որ ԵԱՀԿ 2021 թվականի միջանկյալ հաշվետվության մեջ վերոնշյալ հարցում առաջընթաց է նկատվում ներգրավվածության առումով: Վերջին տարիներին ԿԸՀ-ն աշխատում է էթնիկ փոքրամասնություններով խիտ բնակեցված շրջանների ընտրական տեղամասերում հայերեն և ադրբեջաներեն տեղեկատվական գրքույկների պատրաստման, փոխանակման և տարածման ուղղությամբ, բայց դեռևս առկա են մարտահրավերներ, օրինակ` ԿԸՀ կայքը հասանելի չէ հայերեն։

Հետազոտության եզրափակման մեջ առաջադրված են մի շարք հանձնարարականներ քաղաքական կուսակցություններին, կառավարությանը, տեղական ոչ կառավարական կազմակերպություններին և միջազգային գործընկերներին, թե ինչպես կարելի է իրավիճակը բարելավել` խթանելով էթնիկ փոքրամասնությունների ներգրավվածությունը, նաև՝ ստեղծել լրացուցիչ հնարավորություններ Սամցխե-Ջավախեթիի և Քվեմո Քարթլիի շրջաններում վրացերենի ուսումնասիրության համար ոչ միայն երիտասարդների, այլև ավագ սերնդի շրջանում, մշակել առցանց հարթակ, որի նպատակն է լինելու բարձրացնել ընտրողների իրազեկվածությունը քաղաքական հարցերի վերաբերյալ, ստեղծել էթնիկ փոքրամասնությունների և քաղաքական որոշումներ կայացնողների միջև խորհրդակցությունների մեխանիզմ և այլն։

Հեղինակ՝ Մարիաննա Մանուկյան