Էթնիկ փոքրամասնություններն ընտրական սուբյեկտների ցուցակներում

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, բարձրագույն օրենսդիր մարմինը կհամալրվի նոր կազմով:

Պարզ է՝ Էթնիկ փոքրամասնությունների ձայնն ավելի լսելի դարձնելու համար կարևոր է, որ ընտրական սուբյեկտների ցուցակներում ներկայացված լինեն էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

«Ալիք Մեդիա Վրաստան»-ը զրուցել է «Սոցիալական արդարության կենտրոնի հավասարության և քաղաքականության» ծրագրի տնօրեն Թամթա Միքելաձեի հետ։

«Առաջին հերթին սկսենք նրանից, որ էթնիկ փոքրամասնությունները կազմում են Վրաստանի բնակչության մոտավորապես 13-14 տոկոսը, և շատ կարևոր է, որ նրանց ներկայացուցչությունը պետական մարմիններում և կազմակերպություններում լինի համաչափ և արդար: Չնայած այս ամենին, եթե ուշադրություն դարձնենք տարիների ընթացքում նրանց ներգրավվածությունը ինչպես ինքնակառավարման, այնպես էլ խորհրդարանի մակարդակով, խիստ անհամաչափ է»,- ասում է Միքելաձեն:

Նրա խոսքով, ընտրությունների շրջանում շատ կարևոր էր տեսնել ընտրացուցակները՝ արդյոք կավելանար էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների թիվը, թե՝ ոչ: Միքելաձեի փոխանցմամբ՝ հետազոտությունների վկայում են, որ խորհրդարանում և ինքնակառավարման մարմիններում էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցչությունը նվազել է․

«Այսօր քաղաքապետարանում ունենք ընդհամենը 6 ներկայացուցիչ էթնիկ փոքրամասնությունների համայնքից, որը շատ քիչ մասն է կազմում տոկոսային առումով։ Կա մտավախություն, որ այդ թիվն ավելի կվատթարանա: Եթե այս հարցին նայենք համաչափության և տոկոսային առումով, ապա փոքրամասնությունների ներկայացուցիչները պետք է լինեն մինիմում 13 տոկոս, որը կազմում է մոտ 20 հոգի», — պարզաբանում է Թամթա Միքելաձեն՝ հավելելով, որ խնդրի լուծման համար պետության կողմից չեն մշակվում համապատասխան մեխանիզմներ կամ նրանց ներգրավվածությունը բարձրացնելու մեթոդներ:

«Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ»-ի (IDFI) հետազոտության արդյունքները նույնպես փաստում են, որ ազգային փոքրամասնությունների ներկայացվածությունը օրենսդիր մարմնում երբեք համաչափ չի եղել երկրի բնակչության մեջ նրանց տեսակարար կշռին։ Էթնիկ փոքրամասնությունները տասներորդ գումարման խորհրդարանում ունեն 6 ներկայացուցիչ, ինչը նշանակում է, որ օրենսդիր մարմնում նրանք առնվազն երեք անգամ ավելի քիչ են ներկայացված։ Հարկ է նշել, որ ազգային փոքրամասնությունների քաղաքական ներգրավվածության առումով, կոնկրետ մեխանիզմների բացակայության պայմաններում, օրենսդիր մարմնում նրանց ներկայացվածության մեծացման առումով ընդհանրապես առաջընթաց չկա։ Ամբողջական հետազոտությանը ծանոթանալու համար անցեք հղումով:

Այսպիսով, «Ալիք Մեդիա Վրաստան»-ը կներկայացնի այն հայ և ադրբեջանցի ներկայացուցիչներին, որոնք քաղաքական կուսակցությունների ցուցակներում են:

4-րդ՝ «Կոալիցիա փոփոխությունների համար» կոալիցիայում ազգությամբ հայ ներկայացուցիչը 46-րդ համարն է՝ Մելիք Ռաիսյանը: Միևնույն կոալիցիայի ազգությամբ ադրբեջանցի ներկայացուցիչը Օքտայ Կազումովն է՝ 10-րդ համարի ներքո:

Ցուցակն ամբողջությամբ հնարավոր է տեսնել այստեղ:

Հաջորդ՝ «Միացյալ ազգային շարժման» ընտրական համարը 5-ն է: Ազգությամբ հայ Արսեն Կարապետյանը ընտրացուցակի 90-րդ համարում է: Ցուցակի 34-րդ համարը զբաղեցնում է ադրբեջանցի Ջեիխուն Նարզալովը:

«Ուժեղ Վրաստան-Լելո, Ժողովրդի համար, Ազատության համար»-ը 9-րդ համարն է: Ցուցակում ոչ մի հայ չկա, իսկ 22-րդ համարը զբաղեցնում է ազգությամբ ադրբեջանցի Ագիլ Մուստաֆաևը:

25 համարը «Գախարիան Վրաստանի համար»-ն է, որտեղ 55-րդ տեղում ազգությամբ հայ Նարինե Գինոսյանն է: «Գախարիան Վրաստանի համար»-ում ազգությամբ ադրբեջանցի ներկայացուցիչ չկա:

«Եվրոպացի Դեմոկրատներ»-ում, որի ընտրական համարը 6-ն է, 17-րդ համարը զբաղեցնում է Օգանեզ Կուրշուտյանը:

«Ձախակողմյան դաշինք» («Մեմարցխնե Ալիանսի») կուսակցության 13-րդ համարը նույնպես զբաղեցնում է ազգությամբ հայ ներկայացուցիչ՝ Կարեն Հարութինյանը:

12 համարի ներքո «Մեր միացյալ Վրաստան»-ում 19-րդ համարը պատկանում է ադրբեջանցի Ռովշան Գուսեինովին:

«Վրաստանի միասնության և զարգացման կուսակցություն»-ում (3) ազգությամբ ադրբեջանցի ներկայացուցիչներն են Կամալ Մուրադխանովը՝ 1 համարի ներքո, Մեխրիբան Գուսեինովան՝ 20 համարի և Ջեմալ Մուրադխանովը՝ 31 համարի ներքո:

21 համարի ներքո «Տրիբունա» կուսակցության մեջ կա 5 հայ ներկայացուցիչ՝ Դավիթ Ռստակյանը (14), Յուրի Եղիազարյանը (38), Նորայր Թեփոյանը(42), Մնացական Բադալյանը(48) և Ալբերտ Բադալյանը(52):

Ինչ վերաբերվում է «Վրացական երազանք»-ին (41), ապա ազգությամբ հայ ներկայացուցիչները 36 (Սամվել Մանուկյան) և 68 (Սումբատ Կյուրեղյան) համարների ներքո են:

25 համարը զբաղեցնում է ազգությամբ ադրբեջանցի Զաուր Դարգալին, իսկ 66-րդ համարի ներքո Սավալան Միրզոևն է:

Նշենք, որ երկու հայ պատգամավորներն էլ՝ Սումբատ Կյուրեղյանը և Սամվել Մանուկյանը, և՛ 2023 թվականին, և՛ 2024 թվականին, պաշտպանել են «գործակալների մասին օրենքը»: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ) տվյալներով՝ 2023 թվականին ազգությամբ հայ պատգամավորներ Սամվել Մանուկյանը և Սումբատ Կյուրեղյանը անգամ մեկ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեն եկել։ Ըստ նշված ուսումնասիրության` Սամվել Մանուկյանը և Սումբատ Կյուրեղյանն ընդունված օրենքների քանակով նույնպես նվազագույն նշագծի վրա են։ Անցյալ տարվա տվյալներով՝ խորհրդարանն ընդունել է նրանց նախաձեռնած ընդամենը մեկ օրենքի նախագիծ։

Ընտրացուցակների մասին հավելյալ տեղեկություն կարող եք կարդալ այստեղ:

 


Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով: Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն 5 տոկոսի շեմը հաղթահարած քաղաքական կուսակցությունների միջև։

Ընտրությունների վերաբերյալ կարդացեք նաև՝

«Կոալիցիա փոփոխությունների համար». ամեն ինչ կոալիցիայի մասին

«Ուժեղ Վրաստան». ամեն ինչ կոալիցիայի մասին

«Միասնություն». ամեն ինչ կոալիցիայի մասին