«Շուտով կեղծ լուր կտարածվի». ինչու է ՊԱԾ-ը նախապես տեղեկացնում

Պետական ​​անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել՝ շեշտելով, որ «քաղաքական շրջանակներին առնչվող խմբերը» նախատեսում են ընտրություններից առաջ արհեստական ​​ինտելեկտով և ժամանակակից այլ տեխնոլոգիաներով կեղծ տեսանյութեր/ձայնագրություններ տարածել։

«Պետական ​​անվտանգության և քաղաքացիների խաղաղ գոյակցության շահերից ելնելով` տեղեկացնում ենք հանրությանը, որ, ըստ ստացված տեղեկատվության, քաղաքական շրջանակներին առնչվող խմբերը Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին նախորդող օրերին նախատեսում են կեղծիք տարածել՝ արհեստական ​​ինտելեկտի և այլ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով պատրաստած տեսանյութերի և աուդիո ձայնագրությունների միջոցով։
«Վերոնշյալ կեղծ ձայնագրություններում օգտագործվելու են Վրաստանի կառավարության ներկայացուցիչների ձայներն ու տեսանկարահանումները»,- ասվում է հայտարարության մեջ։

Պետական ​​անվտանգության ծառայության տարածած տեղեկությանը վերաբերվող արձագանգները սոցցանցերում, մեկնաբանություններում և քաղաքացիական հասարակության շրջանում ոչ միանշանակ են:

Տարբեր օգտատերեր անդրադառնալով թեմային, նշում են, որ ամենայն հավանականությամբ եղել է ինֆորմացիայի կամ ձայնագրության արտահոսք, որն էլ պատճառ է հանդիսացել նախազգուշացման, որպեսզի նրանք տեղկությունը ընկալեն որպես կեղծիք:

Վրացի վերլուծաբան Պաատա Զաքարեիշվիլին նույնպես վերոնշյալ համոզմանն է:

««Վրացական երազանք»-ը վախենում է պարտությունից, ըստ երևույթին, նրանք քննարկել են սպասվող խնդիրները, ինչու ոչ՝ նաև պարտությունը: Փաստացիորն՝ եղել է տեղեկության արտահոսք, ինչը շատ սկանդալային է նրանց համար, այդ իսկ պատճառով, սպասվող քայլերը ապահովագրելու նպատակով տարածվել է նման հայտարարություն: Նպատակը հիմա ոմանց հավաստիացնելն է, որ տարածվող տեղեկությունը կեղծ է»,-«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասում է վերլուծաբանը:

Նշենք, որ մինչև այս պահը տարբեր քաղաքական գործիչների դիսկրեդիտացնելու նպատակով տարածվել են որոշ մշակված նյութեր, չնայած դրան՝ Պետական ​​անվտանգության ծառայությունն այդ մասին որևէ տեղեկություն չի տարածել: