Վրաստանյան «Արդար ընտրություններ» (ISFED) մոնիտորինգային հասարակական կազմակերպությունը հրապարակել է սոցիալական լրատվամիջոցների մոնիտորինգի առաջին միջանկյալ զեկույցը, որը ներառում է օգոստոսի 27-ից սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածը:
Զեկույցում ուշագրավ է էթնիկ փոքրամասնություններով բնակեցված Սամցխե-Ջավախեթիի և Քվեմո Քարթլիի շրջաններում՝ ֆեյսբուք հարթակում ծավալված ընթացիկ քարոզարշավը: Նշվում է, որ Սամցխե-Ջավախեթիում ակտիվ է եղել Ռուսաստանից կառավարվող ֆեյսբուքյան էջը, որը հակաարևմտյան հաղորդագրություններ է տարածել:
ISFED-ի մոնիտորինգը ներառում է սոցիալական մեդիայի քարոզարշավը ընտրությունների ժամանակաշրջանում, ինչպես նաև անանուն համակարգված ոչ վավերական ցանցերի հայտնաբերում, որոնք գործում են՝ օգտագործելով տարբեր մարտավարություններ և ռազմավարություններ՝ շահարկելու հասարակական կարծիքը:
Կազմակերպությունը նշում է, որ քաղաքական դերակատարների հետ մեկտեղ, անանուն քարոզարշավների հաճախակի թիրախ են դառնում նաև քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչները: «Արդար ընտրությունները» մոնիտորիգն է արել սոցիալական մեդիայի տարբեր հարթակներ, այդ թվում՝ Facebook, Instagram, TikTok և Telegram:
Նշվում է՝ Meta ընկերությանը պատկանող Facebook-ը շարունակում է մնալ առցանց քաղաքական արշավների արտադրության հիմնական տարածքը։ Meta-ն ակտիվորեն աշխատում է Վրաստանում տեղեկատվական մանիպուլյացիաները սահմանափակելու ուղղությամբ և համագործակցում է տեղական կազմակերպությունների հետ։
Այնուամենայնիվ, վերջին տարիներին TikTok-ի դերն ու արդիականությունը զգալիորեն աճել է: Վրացական համատեքստում TikTok-ն ավելի քիչ է կարգավորվում, ուստի՝ անանուն օգտահաշիվներն ավելի հեշտությամբ են տարածում մանիպուլյացիայի ենթարկված տեղեկատվությունը:
Վրաստանում նախընտրական շրջանի մարտահրավերներից մեկը մնում է ռուսական տեղեկատվական մանիպուլյացիաները և միջամտությունը տեղեկատվական դաշտի վրա ազդելու համար։ Այն բանից հետո, երբ Meta-ն տապալեց ռուսաստանյան ցանցը, ցանցի էջերը դեռ փորձում են վերականգնել իրենց Facebook-ի հաշիվները:
ISFED-ի հիմնական բացահայտումներ են.
- քաղաքական բևեռացում,
- ռուսական տեղեկատվական գործողությունները,
- Meta-ի գործողությունները,
- TikTok-ի օգտագործումը:
Ամբողջական զեկույցը հասանելի է այստեղ: