Եթե ​​իմ նախնիներից որևէ մեկը հայ լիներ, կասեի դրա մասին. Խազարաձե

Վրաստանի ընդդիմադիր «Լելո» կուսակցության հիմնադիր և «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեն արձագանքել է կառավարական քարոզչական POSTV հեռուստաընկերության (ՀԸ) իր դեմ սկսած հայատյաց արշավին։

Խազարաձեն ասել է. «Իվանիշվիլիի և նրա ենթակաների ռուսական, «կագեբեշնիկական» քարոզչությունը դուրս է եկել բոլոր սահմաններից, որն արդեն մի քանի տարի շարունակվում է իմ դեմ»։

«Վերջին զրպարտչական արշավը տարածվում է ոչ միայն ինձ վրա, այլև մեր եղբայրական ժողովրդի՝ հայերի վրա։ Ես նրանցից ներողություն եմ խնդրում «Վրացական երազանք»-ի անպարկեշտ, անբարոյական այլատյաց պոռթկումների համար։ Եթե ​​իմ նախնիներից որևէ մեկը հայ լիներ կամ մեկ այլ եղբայրական ազգի ներկայացուցիչ, ես դրա մասին կխոսեի բաց ու համարձակ։ Նրանք, ովքեր անհանգստանում են նման լուրերով կամ ամաչում են իրենց ծագման համար, այլատյաց են:

Կեցցե՛ն վրացիները, հայերը, հրեաները, ադրբեջանցիները, քրդերը, եզդիները և եղբայրական ու հարակից այլ ազգերի համակեցությունն ուժեղ Վրաստանում։ Կեցցե՛ ուժեղ Վրաստանն իր բազմազանությամբ, ուժով ու կենսունակ հարաբերություններով: Բիձինայի ու ԿԳԲ-ի վերջը պետք է լինի հոկտեմբերի 26-ին։ Ինչպես նաև կեցցե՛ն ձեր նախնիները, ինչպես իմը՝ խունդաձեները, խազարաձեները, բաշալեիշվիլիները և ադեիշվիլիները»,- գրել է Խազարաձեն:

Իշխանական քարոզչական POSTV-ն շարունակում է հայատյացություն քարոզել: «Վրացական երազանք» կուսակցության քարոզչական ՀԸ-ն այս անգամ Վրաստանում ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Լելո» կուսակցության հիմնադիր Մամուկա Խազարաձեին վարկաբեկելու նպատակով հայատյաց ռեպորտաժ է հրապարակել:

Հիշեցնենք, որ սա POSTV-ի առաջին հայատյաց ռեպորտաժը չէ: Նախորդ շաբաթ POSTV-ի լրագրողը հայատյաց հարցադրումներ էր արել Խազարաձեին: «Ինչո՞ւ չեք խոստովանում, որ հայ եք, ամաչո՞ւմ եք»,- քաղաքական գործչին հարցրել էր լրագրողը: Տեսանյութը կարելի է դիտել այստեղ:

Իշխանական մեդիան հայատյացություն է քարոզում