Վրաստանում իշխանական քարոզչական POSTV հեռուստաընկերությունը (ՀԸ) շարունակում է հայատյացություն քարոզել: «Վրացական երազանք» կուսակցության քարոզչական ՀԸ-ն այս անգամ Վրաստանում ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Լելո» կուսակցության հիմնադիր Մամուկա Խազարաձեին վարկաբեկելու նպատակով հայատյաց ռեպորտաժ է հրապարակել:
Ռեպորտաժում ներառված անձինք ամեն կերպ փորձում են «բացահայտել» Խազարաձեի «հայկական» ծագումը և այս ամենին հասնելու համար հայատյաց հայտարարություններ են անում: Ռեպորտաժում Խազարաձեին անվանում են «խարդախ, ավանտյուրիստ և հայ»:
Ուշագրավ է նաև, որ ռեպորտաժում, իբր, ներկայացվում է Խազարաձեի Երևանում բնակվող «բարեկամը»՝ Ասլան Միկիրտչյանը. վերջինս Խազարաձի մասին ասում է. «Մամուկան առեղծվածով պատված մարդ է։ Նա չի սիրում խոսել իր հայկական ծագման մասին»:
Ընդգծենք, որ ռեպորտաժում Խազարաձեի «բարեկամ» հանդես եկող անձն իրեն ներկայացնելիս ասում է՝ ես Մկրտիչն եմ, իսկ ահա POSTV-ն նրան ներկայացնում է «Ասլան» անունով (տեսանյութում այս հատվածը հասանելի է 2,09-2,10 րոպեին, որից հետո զրուցակցի ձայնն իջեցվում է, և հնչում է թարգմանությունը):
Վրացի վերլուծաբան Դավիթ Բրագվաձեն «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ կառավարությունը հուսով է, թե Խազարաձեի «հայկական արմատների» պատճառով ինչ-որ մեկը կփոխի իր կարծիքը վերջինիս աջակցության հարցում կամ մի մասն ավելի շատ կմոբիլիզացվի, որպեսզի «հայը չգա իշխանության»։
«Իմ դիտարկումներով՝ Վրաստանում հայաֆոբիան ժամանակի ընթացքում նվազում է, հատկապես՝ երիտասարդ սերնդի մոտ, թեև՝ դա չի նշանակում, որ իսպառ վերացել է։ Հասարակության մի փոքր հատված դեռևս տարված է նմանատիպ ֆոբիաներով և բնորոշվում է շովինիստական տրամադրվածությամբ։ Այս ընտրություններում իշխանության հաղթանակը երաշխավորված չէ, և նման քարոզարշավով փորձում է գրավել համանման ընտրազանգվածներին։ Խոսքը միայն հայատյացության մասին չէ, ընդհանրապես իշխանության նախընտրական քարոզարշավն ագրեսիվ է և խտրական տարրեր ունի տարբեր փոքրամասնությունների նկատմամբ: Անկեղծ ասած, չեմ կարծում, որ դրանով ձայն կավելացնեն, քանի որ այս մարդիկ (էթնիկ փոքրամասնությունները- հեղ.) արդեն իրենց ընտրազանգվածն են»,- ասաց Բրագվաձեն:
Վերլուծաբանը նշեց, որ կառավարությունը նաև իրեն ապահով է զգում, քանի որ «Վրաստանի էթնիկ հայ քաղաքացիների ձայները համարում է երաշխավորված ռեսուրս էթնիկ հայերով խիտ բնակեցված մունիցիպալիտետներում»։
«Ցավոք, այս արատավոր ավանդույթը շարունակվում է, և նման համայնքների բնակչությունը միշտ քվեարկում է իշխանության օգտին։ Չեմ կարծում, որ նույնիսկ նման հայատյաց քարոզարշավի ֆոնին նրանք կկորցնեն այս ձայները։ Սակայն լավ կլիներ, որ մեր հայ հայրենակիցները պատշաճ պատասխան տան այս չլսված շովինիզմին։ Ամեն ինչ շուտով պարզ կդառնա։ Ընտրություններին քիչ ժամանակ է մնացել»,- հավելեց վերլուծաբանը:
Աստվածաբան Բեքա Մինդիաշվիլիի գնահատմամբ՝ այս ընտրություններում «Վրացական երազանք»-ը վերածնել է հայատյացությունը և քաղաքական հակառակորդին գիտակցաբար այլ էթնիկ ինքնություն վերագրելու կամ մեղադրելու միջոցով վարկաբեկման «ավանդույթը»։
«Օր չի լինում, որ POSTV-ն նմանատիպ հարձակում չկազմակերպի Մամուկա Խազարաձեի նկատմամբ. մերկացնում ու մերկացնում են «հայ լինելու համար»: Նախ՝ Խազարաձեի «հայկական շալախոն», հետո՝ POSTV-ի հարցը՝ «ինչու եք թաքցնում հայ լինելը», հետո՝ «Ժողովրդի ուժ»-ի քաղաքական գործչի հարցը՝ «այդքան մեծ ազգի զավակ ես, Մամուկա, և թաքցնում ես, դրա համար էլ անարժան ես», հիմա էլ՝ Մամուկայի ինչ-որ հայ բարեկամին են խոսեցնում: Ահա սա է քոցությունը («Վրացական երազանք»-ից լինելը- հեղ.)»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մինդիաշվիլին:
Նշենք, որ սա POSTV-ի առաջին հայատյաց ռեպորտաժը չէ: Նախորդ շաբաթ POSTV-ի լրագրողը հայատյաց հարցադրումներ էր արել Խազարաձեին: «Ինչո՞ւ չեք խոստովանում, որ հայ եք, ամաչո՞ւմ եք»,- քաղաքական գործչին հարցրել էր լրագրողը: Տեսանյութը կարելի է դիտել այստեղ:
Տվյալ հարցը մեծ աղմուկ է բարձրացրել քաղացիական հասարակության շրջանում, նրանք քննադատում են հայատյաց մոտեցումները, հատկապես՝ երբ սա տեղի է ունենում ընտրություններից առաջ իշխանական լրատվամիջոցի կողմից:
Վրաստանյան «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպությունը դիմել է «Լրագրողական էթիկայի խարտիա»-ին՝ լրագրողի կողմից խտրականություն ցուցաբերելու հիմքով: Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին լրագրողի հարցը խտրական է որակել, փորձագետները՝ իշխանության կողմից քաղաքական նպատակներով հայատյաց տրամադրությունների կիրառում (հոդված 1, հոդված 2):