Վրաստանում պետական հատվածի աշխատակիցներից պահանջում են իրենց ընտանիքների անդամների անձնական տվյալները, ասել է «Իմ ձայնը» դիտորդական առաքելության խոսնակներից Լոնդա Թոլորաիան՝ վկայակոչելով լրագրողական հետաքննության արդյունքները:
Ըստ նրա՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից վարչական ռեսուրսի օգտագործման փաստերի մասին տարածված տեղեկությունը քրեական օրենսգրքով հանցագործություն է։
Նրա խոսքով, կան անձնական տվյալների ապօրինի ձեռքբերման և օգտագործման, ընտրողների կամքի վրա հարկադրական ազդեցության, պաշտոնական լիազորությունների չարաշահման և ապօրինությունների փաստեր։ Հատուկ քննչական ծառայությանը և դատախազությանը նա կոչ է արել անհապաղ սկսել փաստերի ուսումնասիրությունը։
«Անցյալ շաբաթ «Իմ ձայնը» դիտորդական առաքելությունն արձագանքել է ընտրողներից անձը հաստատող փաստաթղթերի առգրավման փաստերին, մասնավորապես, մի քանի անկախ աղբյուրներից ստացված հաղորդագրությունների համաձայն, իշխող կուսակցության ներկայացուցիչները պետական հատվածում աշխատող քաղծառայողներից և սոցիալապես անապահով անձանցից՝ իրենց կամքին հակառակ, վերցնում են անձը հաստատող փաստաթղթերը»,- նշել է Թոլորաիան:
Նա հավելել է՝ հոկտեմբերի 12-ին լրատվամիջոցների լուսաբանած լրագրողական հետաքննության միջոցով նոր փաստեր են ի հայտ եկել վարչական ռեսուրսի օգտագործման վերաբերյալ։ Ըստ Թոլորաիայի` պարզվում է, հանրային հաստատություններում աշխատող մարդկանց զանգվածաբար խնդրում են հավաքել իրենց և իրենց ընտանիքների անդամների անձնական տվյալները հօգուտ «Վրացական երազանք»-ի, որպեսզի այդ տվյալները փոխանցեն իշխող կուսակցությանը։ Լրագրողների բացահայտած հատուկ գաղտնի ցուցակում եղել են ՆԳՆ-ի, ՊՆ-ի, Գարդաբանի քաղաքապետարանի, Նավթի և գազի կորպորացիայի, օդանավիգացիայի, օդանավակայանի միության աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների անձնական տվյալները: