Նախագահը կներկայացնի տեխնիկական կառավարության կազմը. ինչ է պետք իմանալ

Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվին հայտարարել է, որ կներկայացնի տեխնիկական կառավարության կազմը: Մինչ այդ նախագահն արևմտամետ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցություններ է անցկացրել:

Ընտրություններից առաջ տեխնիկական կառավարության կազմը ներկայացնելու նախագահ Զուրաբիշվիլիի հայտարարությունը ողջունեցին նախագահի ներկայացրած «Վրացական խարտիա»-ն ստորագրած ընդդիմադիր ուժերը: Ընդդիմադիրները հայտարարեցին. «Հավատարիմ ենք մնում գործընթացին»:

Իսկ ահա իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որ չի ստորագրել «Վրացական խարտիա»-ն, վարչապետ Իրակլի Կոբախիձեի մակարդակով «տեխնիկական կառավարության մասին խոսելը ֆարս» որակեց:

Ինչ են կարծում փորձագետները

Փորձագիտական շրջանակները «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում տեխնիկական կառավարության կազմն ընտրություններից առաջ ներկայացնելու վերաբերյալ հակասական կարծիքներ հայտնեցին: Փորձագետներից ոմանք կարծում են, որ նախագահն այս քայլով կլուծի չկողմնորոշված ընտրողների շրջանում որոշակիություն մտցնելու հարցը: Մասնավորապես՝ այն քաղաքացիները, որոնք ընտրություններին չէին քվեարկի ո՛չ «Վրացական երազանք»-ի օգտին, ո՛չ էլ որևէ ընդդիմադիր ուժի, տեխնիկական կառավարության կազմին ծանոթանալուց հետո ավելի հեշտ կկողմնորոշվեն և ճիշտ ընտրություն կկատարեն:

Որոշ փորձագետներ էլ կարծում են, որ ընդունված պրակտիկա է՝ նախ պետք է հաղթել ընտրություններում, հետո քննարկել կոալիցիոն կառավարության կազմը։

Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլիի խոսքով, շատ ավելի կարևոր է «Վրացական խարտիա»-ի կետերի ի կատար ածումը, իսկ թե ով կլինի կառավարության ղեկավարը, և ում գլխավորությամբ Վրաստանը կվերադառնա եվրոպական ուղի, այդքան էլ առանցքային չէ:

«Կարևորն այն է, որ կատարվեն խարտիայում ներառված բարեփոխումները, երկիրը վերադառնա եվրոպական ուղի: Ինչպես նաև` այդ ամենից հետո նոր, առողջ մթնոլորտում  անցկացվեն նոր ընտրություններ»,- ասաց Մելաշվիլին:

Քաղաքագետ Գիա Խուխաշվիլիի խոսքով, տեխնիկական կառավարության կազմը բացահայտելով` պատասխան կտրվի հասարակության շրջանում առաջացած «վախին», թե «Վրացական խարտիա»-ն ստորագրած ուժերը համաձայնության չեն գա. տեխնիկական կառավարության կազմը հայտնելը կփաստի՝ կողմերը համաձայնության են եկել և երկիրը կվերադարձնեն եվրոպական ուղի, որից շեղվել է «Վրացական երազանք»-ը:

Քաղաքագետ Գիա Նոդիայի խոսքով, նախագահը, հավանաբար, ենթադրում է, որ եթե ընտրողները տեսնեն տեխնիկական կառավարության կազմում առկա անունները, կքվեարկեն ընդդիմության օգտին: Նոդիան, սակայն, վստահ չէ, որ այդպես կլինի:

Ըստ նրա՝ ավելի կարևոր է, որ ընդդիմադիր դաշինքները ցույց տան, որ հաղթանակի դեպքում պատրաստ կլինեն համագործակցության։ «Վրացական խարտիա»-ի նախաձեռնությամբ նախագահը համոզմունք է առաջացրել, որ ընդդիմությունը պատրաստ է նման համագործակցության.

«Տեխնիկական կառավարության կազմը ներկայացնելը կարող է դրական նշանակություն ունենալ, եթե դա նախապես ընդունեն ընդդիմադիր կուսակցությունները։ Բայց կարծես թե ընդդիմությունն այս հարցում միասնական չի լինի։ Չեմ ստի. ընդունված պրակտիկա է, որ նախ պետք է հաղթել ընտրություններում, հետո քննարկել կոալիցիոն կառավարության կազմը»:

Ինչ է տեխնիկական կառավարությունը

Խորհրդարանական ժողովրդավարական երկրներում տեխնիկական կառավարումը հազվադեպ չէ: Որպես կանոն, տեխնիկական կառավարությունը ձևավորվում է այն ժամանակ, երբ կողմերը պայմանավորվում են, որ քանի դեռ երկրում քաղաքական ճգնաժամը չի հաղթահարվել, իշխանության ղեկին կլինեն տեխնոկրատները՝  ապաքաղաքական կամ անկուսակցական փորձագետները:

Հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին իշխող կուսակցությունը, որը փորձում է չորրորդ անգամ մնալ իշխանության ղեկին, կմրցի մի քանի ընդդիմադիր միավորումների հետ։ Եթե ​​անգամ նրանք միասին հավաքեն ձայների 50 տոկոսից ավելին, առանձին վերցրած կուսակցություններից ոչ մեկը, այդ թվում՝ «Վրացական երազանք»-ը, չի կարողանա կառավարություն կազմել։ Անհրաժեշտ կլինի համաձայնության գալ կոալիցիոն կառավարության շուրջ:

Մինչև հետընտրական կոալիցիայի ձևավորումը և կառավարության համաձայնեցումը, «Վրացական երազանք»-ի կառավարությունը կշարունակի կատարել իր պարտականությունները և կառավարել երկիրը։ Նախագահի ծրագիրը նպատակ ունի դրանից խուսափելու։

««Վրացական խարտիա»-ում գրված է, որ վարչապետը պետք է ընտրվի ինձ հետ խորհրդակցելով»,- ասել է նախագահ Զուրաբիշվիլին, սակայն «Վրացական խարտիա»-ն ստորագրած կողմերից շատերը համաձայն չեն տեխնիկական վարչապետի թեկնածության նախնական համաձայնությանը։

Զուրաբիշվիլին օրերս հայտարարել էր, որ կոալիցիոն կառավարություն ձևավորելու դեպքում արդեն ունի վարչապետի իր թեկնածուն։ Նախագահն ասել էր՝ վարչապետի իր թեկնածուն քաղաքական անցյալ չունի:

Ինչ է գրված «Վրացական խարտիա»-ում

Զուրաբիշվիլին «Վրացական խարտիա»-ն նախաձեռնել և ներկայացրել է մայիսի 26-ին։ Խարտիան նախատեսում է բարեփոխումների իրականացում ավելի քան տասը ոլորտներում։ Ստորագրող կուսակցությունները պատասխանատվություն են կրում, որ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի դեպքում կկատարեն այդ պայմանները։

Փաստաթղթում, որը նախագահն առաջարկել է քաղաքական կուսակցություններին ստորագրել մայիսին, միայն մեկ կետ կա անցումային կառավարության մասին։ «Մենք պարտավորվում ենք, որ կառավարությունը, որը պատասխանատու կլինի այս գործողությունների ծրագրի իրականացման համար, կառաջարկվի Վրաստանի նախագահի կողմից»,- կարդում ենք «Վրացական խարտիա»-ում:

Դրանից բացի, ըստ «Վրացական խարտիա»-ի, կողմերը խոստանում են, որ խարտիայով սահմանված քայլերը կատարելուց հետո կպայմանավորվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։