Ռուսաստանը միջպետական հետախուզում է հայտարարել Վրաստանի քաղաքացի Ալեքսանդր Ինասարիձեի և Ուկրաինայի քաղաքացի Սերգի Անդրեյչենկոյի նկատմամբ, որոնց մեղադրում է Ղրիմի կամրջի պայթյունի հետ առնչություն ունենալու համար։ Այս տեղեկությունն այսօր՝ հոկտեմբերի 14-ին, հայտնել է վրացական «Ազատություն» ռադիոկայանը` վկայակոչելով ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը։
Ինասարիձեն մեղադրվում է «ահաբեկչական հարձակման մեջ, որը հանգեցրել է մարդու մահվան», «մի խումբ անձանց կողմից նախնական դավադրության միջոցով պայթուցիկ նյութեր ապօրինի ձեռք բերելու» և «կազմակերպված խմբի կողմից պայթուցիկ նյութերի մաքսանենգության» մեջ։
Ի դեպ, ռուսական կողմը պնդել է, որ 22 տոննա պայթուցիկով բեռնատարը մի քանի անգամ հատել է Վրաստանի սահմանը` մինչ հայտնվելը Ղրիմի կամրջի վրա։
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինն ավելի վաղ հայտնել էր, որ քննիչներն ու Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները հայտնաբերել են Ղրիմի կամրջի վրայի ահաբեկության կասկածյալներին: Ըստ նրա, ԱԴԾ-ն հայտնել է նաև, որ պարզվել է բեռնատարի երթուղին մինչ պայթյունը. դրանք են` Վրաստանը, Հայաստանը, Հյուսիսային Օսիան, Կրասնոդարի երկրամասը և Բուլղարիան: