Նախագահը կներկայացնի տեխնիկական կառավարության կազմը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ ներկայացնել տեխնիկական կառավարության կազմը: Այս հայտարարությունը Սալոմե Զուրաբիշվիլին արել է նախագահական նստավայրում կայացած ճեպազրույցի ընթացքում:

Նախագահը նշել է՝ ընդդիմադիր կուսակցությունների շրջանում այս հարցի շուրջ կարծիքները տարբեր են։

«Կարծում եմ՝ ժամանակն է, որ կողմերը որոշեն, թե որքանով են հավատարիմ այս խարտիայի  (նկատի ունի «Վրացական խարտիան»- հեղ.) ոչ միայն ոգուն, այլև դրա բոլոր դրույթներին։ Սա փաստաթուղթ է, որում թյուրիմացություն չի կարող լինել։ Դրանից է կախված այս երկրի կայունությունը»,- ասել է Զուրաբիշվիլին և հույս հայտնել, որ կողմերը կհամաձայնեն այդ ամենին, հակառակ դեպքում` «ովքեր համաձայն չեն, կարող են հետ վերցնել իրենց ստորագրությունները»։

Նախագահն ասել է՝ հասարակությունը պետք է իմանա քվեարկելիս, թե որ կուսակցությունն է համահունչ «Վրացական խարտիա»-ին, և ովքեր են պատասխանատվություն կրելու «Վրացական խարտիա»-ի նախատեսած պարտավորությունների կատարման համար:

Ճեպազրույցի սկզբում նախագահը խոսել է այն մասին, թե ինչու է անհրաժեշտ կատարել «Վրացական խարտիա»-ի պայմանները։ Նրա խոսքով, եթե քաղաքական կուսակցությունները կատարեն «Վրացական խարտիա»-ում նշված պայմանները, ապա երկիրը կվերադառնա Եվրամիությանն անդամակցելու համար անհրաժեշտ բանակցությունների մեկնարկի փուլին։

Հիշեցնենք. Զուրաբիշվիլին «Վրացական խարտիա»-ն նախաձեռնել և ներկայացրել է մայիսի 26-ին։ Խարտիան նախատեսում է բարեփոխումներ ավելի քան տասը ոլորտներում։ Ստորագրող կուսակցությունները պատասխանատվություն են կրում, որ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի դեպքում կկատարեն դրա պայմանները։