Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ, 10-րդ խորհրդարանում Թբիլիսիի Իսանի թաղամասից ընտրված մեծամասնական պատգամավոր Զուրաբ Քադագիձեն միացել է իշխանական POSTV հեռուսաընկերության հայտայաց արշավին:
Քադագիձեն, անդրադառանալով իշխանական քարոզչական POSTV-ի կողմից ընդդիմադիր «Լելո» կուսակցության հիմնադիր Մամուկա Խազարաձեին ուղղված հարցին, թե ինչու է նա թաքցնում իր հայկական ծագումը, գրել է.
«Նախ, ես ի՞նչ ասեմ այն մարդուն, որ թաքցնում է իր ծագումը, երկրորդ՝ նա այնպիսի պատմական ազգի զավակ լինես, ինչպիսին հայերն են, և պետք է ամաչես, թե ինչ աստիճանի թաթալաբազ (խաբեբա, ստախոս) ես: Կամ եթե Թբիլիսիում կամ Վրաստանի մեկ այլ հատվածում հանդիպի էթնիկ հայերի, ի՞նչ արժանապատվությամբ պետք է խոսի նրանց հետ: Ուստի՝ հայերը ոչ մի ձայն չպետք է տան այս խայտառակ մարդուն»:
Քադագիձեն նաև իշխող կուսակցությունը լքած, բայց իշխող կուսակցության արբանյակ հանդիսացող, հակաարևմտյան հռետորաբանությամբ հայտնի «Ժողովրդի ուժ»-ը քաղաքական խմբի անդամ է։
Նա 2011 թվականին եղել է «Երիտասարդական կենտրոն մեր սերունդը — 1921թ.» հասարակական կազմակերպության ղեկավարը, 2009-2011թթ.- հիմնել է «Ինչու» («Ռատոմ») հասարակական կազմակերպությունը։
Ընդգծենք՝ «Ժողովրդի ուժը» հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնկցելու է հենց «Վրացական երազանք»-ի կազմում:
Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին արձագանքել է իշխանական POSTV հեռուստաընկերությունը (ՀԸ) հայատյաց տեսանյութին. «Չնայած այն բանին, որ ԶԼՄ-ների հիմնական գործառույթը հարցեր տալն է, այն չպետք է լինի խտրական: Կարևոր չէ, թե որ էթնիկ խմբին է պատկանում Վրաստանի քաղաքացին: Սահմանադրությամբ ու օրենքով մենք բոլորս հավասար ենք»,- գրել է օմբուդսմենը:
Վրաստանյան «Բազմամշակութային Վրաստան» (PMMG) հասարակական կազմակերությունը (ՀԿ) իշխանական POSTV հեռուստաընկերությունը հայատյաց տեսանյութի վերաբերյալ հայտարարություն է տարածել: PMMG-ն հայտնում է, որ նշված տեսանյութի առնչությամբ դիմել է «Լրագրողական էթիկայի խարտիա»-ին։ PMMG-ն նշել է՝ լրագրողը խտրականություն է ցուցաբերում պատասխանողի նկատմամբ էթնիկ պատկանելության հիման վրա։
Հիշեցնենք. իշխանական POSTV հեռուստաընկերությունը հայատյաց հարցեր է ուղղել ընդդիմադիր «Լելո» կուսակցության հիմնադիր Մամուկա Խազարաձեին: «Դուք ինչո՞ւ չեք խոստովանում, որ հայ եք, ամաչո՞ւմ եք»,- հարցով իշխանական մեդիայի լրագրողը փորձել է դիսկրեդիտացիայի ենթարկել քաղաքական գործչին՝ «մեղադրելով» նրան «հայ» լինելու մեջ: Տեսանյութը կարելի է դիտել այստեղ:
Ի դեպ, Վրաստանում առաջին անգամ չէ, երբ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ ատելությունը կիրառվում է իշխանական մեդիայի կողմից՝ դիսկրեդիտացնելով քաղաքական գործիչներին: