Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին արձագանքել է իշխանական POSTV հեռուստաընկերության (ՀԸ) հայատյաց տեսանյութին:
«Չնայած այն բանին, որ ԶԼՄ-ների հիմնական գործառույթը հարցեր տալն է, այն չպետք է լինի խտրական: Կարևոր չէ, թե որ էթնիկ խմբին է պատկանում Վրաստանի քաղաքացին: Սահմանադրությամբ ու օրենքով մենք բոլորս հավասար ենք»,- գրել է օմբուդսմենը:
Վրաստանյան «Բազմամշակութային Վրաստան» (PMMG) հասարակական կազմակերությունը (ՀԿ) իշխանական POSTV հեռուստաընկերության հայատյաց տեսանյութի վերաբերյալ հայտարարություն է տարածել: PMMG-ն հայտնում է, որ նշված տեսանյութի առնչությամբ դիմել է «Լրագրողական էթիկայի խարտիա»-ին։ PMMG-ն նշել է՝ լրագրողը խտրականություն է ցուցաբերում պատասխանողի նկատմամբ էթնիկ պատկանելության հիման վրա։
Հիշեցնենք. իշխանական POSTV հեռուստաընկերությունը հայատյաց հարցեր է ուղղել ընդդիմադիր «Լելո» կուսակցության հիմնադիր Մամուկա Խազարաձեին: «Դուք ինչո՞ւ չեք խոստովանում, որ հայ եք, ամաչո՞ւմ եք»,- հարցով իշխանական մեդիայի լրագրողը փորձել է դիսկրեդիտացիայի ենթարկել քաղաքական գործչին՝ «մեղադրելով» նրան «հայ» լինելու մեջ: Տեսանյութը կարելի է դիտել այստեղ:
Ի դեպ, Վրաստանում առաջին անգամ չէ, երբ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ ատելությունը կիրառվում է իշխանական մեդիայի կողմից՝ դիսկրեդիտացնելով քաղաքական գործիչներին:
«Խոստովանեք, որ հայ եք».Իշխանական հեռուստաընկերությունը դիսկրեդիտացնում է ընդդիմադիր քաղգործչին