Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, Սամեգրելոյի մունիցիպալիտետներից մեկի դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել տասնչորսամյա տղային, որը ձերբակալվել է ութամյա աղջկա նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով։ Ձերբակալվածի ընտանիքը համաձայն չէ դատավճռի հետ և մտադիր է բողոքարկել գործը։
14-ամյա տղան ձերբակալվել է ապրիլի 4-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով` սեռական ոտնձգություն։ Ավելի ուշ դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառել կալանավորումը, սակայն, մեղադրյալի ընտանիքի տեղեկացմամբ, նա գրավի դիմաց ազատ է արձակվել՝ մեղքն ապացուցող անբավարար ապացույցների պատճառով։
Անչափահասի մոր խոսքով՝ իրենք մեղադրական դատավճռի չէին սպասում:
«Եթե նա մեղավոր էր, ինչո՞ւ 4 ամիս առաջ գրավի դիմաց ազատ արձակվեց։ Արձակեցին, քանի որ փորձաքննության արդյունքները չէին ապացուցել, որ նման դեպք է տեղի ունեցել»,- ասել է մայրը` հավելելով, որ գործն այդպես չեն թողնելու և անպայման բողոքարկելու են:
Նրա խոսքով, տուժողի մայրն իր ցանկալի դատավճիռը կայացրել է «քննիչի հետ անձնական ծանոթության և մտերիմ հարաբերությունների» միջոցով։ Տղայի ընտանիքի պնդմամբ` դեռահասի անմեղության մասին քաջատեղյակ են հենց իրենք՝ 8-ամյա երեխայի ծնողները, բայց նրանց նպատակը զոհի կարգավիճակ ձեռք բերելն էր:
«Քննիչի հետ ընկերական կապը» օգտագործելու և ֆինանսական շահի համար տուժողի կարգավիճակ ձեռք բերելու մեղադրանքների առնչությամբ 8-ամյա աղջկա մայրն այսպես է մեկնաբանել.
«Մենք ընկերական հարաբերություններ չունենք։ Մենք բոլորի հետ պարզապես քաղաքավարի ենք խոսում։ Մեր հասկացողությամբ` սա բարեկրթություն է: Մենք ֆինանսական օգնության կարիք չունենք, և բոլորը, ովքեր մեզ ճանաչում են, դա կհաստատեն»:
14-ամյա պատանուն առաջադրված մեղադրանքն առանձնապես ծանր հանցագործություն է և նախատեսում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում, սակայն անչափահասների նկատմամբ արդարադատության օրենսգրքի համաձայն՝ նրա ազատազրկման ժամկետը կրճատվել է 1/3-ով։