Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին՝ Հայաստան այցի շրջանակներում ընդունել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Կարապետյանը գոհունակությամբ է խոսել փետրվարին իր վրաստանյան այցի արդյունքների մասին: Երկու երկրների տնտեսական կապերի ակտիվացման ուղղությամբ կոնկրետ ծրագրեր են քննարկվել: Այս համատեքստում Հայաստանի կառավության ղեկավարը կարևորել է բիզնես կապերի ամրացումը՝ ազատ առևտրային գոտիների և զբոսաշրջության ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում փորձի փոխանակման միջոցով: Ջանելիձեն իր հերթին հաստատել է ձեռք բերված պայմանավորվածություններն իրականություն դարձնելու հարցում վրացական կողմի հետաքրքվածությունը:
Կողմերը խոսել են հայ-իրանական սահմանին ազատ տնտեսական գոտի ստեղծելու կարևորության մասին, նաև քննարկել Հայաստանում վրացական բիզնեսի օրեր կազմակերպելու հարցերը: Կողմերը համաձայնել են այն հարցում, որ այս նախաձեռնությունները դառնալու են արդյունավետ հարթակ՝ երրորդ երկրների շուկաներ ելքի տեսանկյունից: Վերահաստատվել է նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության կարևորությունը: