«Վայմարյան եռանկյունու» անդամ երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի արտգործնախարարները համատեղ հայտարարություն են տարածել Վրաստանի վերաբերյալ։
Հայտարարության մեջ երեք երկրների արտգործնախարարները կոչ են անում Վրաստանի իշխանություններին փոխել որդեգրած քաղաքականությունը․ արտգործնախարարների կարծիքով՝ վտանգի տակ է ԵՄ-Վրաստան հարաբերությունների ու համագործակցության շրջանակն ու խորությունը։
«Մենք ցավում ենք Վրաստանի կառավարության գործողությունների համար, որոնք հանգեցրին Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի փաստացի կասեցմանը, ինչպես հունիսի 27-ին հայտարարեց Եվրոպական խորհուրդը, որը ներկայացնում է ԵՄ 27 անդամ երկրների պետությունների կամ կառավարությունների ղեկավարներին։
Մենք մտահոգությամբ նշում ենք ԵՄ-ի և նրա անդամ երկրների նկատմամբ ագրեսիվ հռետորաբանության ակտիվացումը։ Եվրամիությունը թույլ չի տա Վրաստանի իշխանություններին կեղծ տեղեկություններ տարածել եվրոպական դիրքորոշման և քաղաքականության մասին»,- նշված է հաղորդագրությունում։