Օրեր առաջ մեդիահարթակում քննարկման առիթ դարձավ «Մթավարի արխի», «TV Պիրվելի» և «Ֆորմուլա» հեռուստաընկերությունների համատեղ հայտարարությունը:
Հեռուստաալիքների փոխանցմամբ՝ իրենք հրաժարվել են հեռարձակել «Վրացական երազանք»-ի ներկայացրած պաստառները, որտեղ ցուցադրված են Ուկրաինայի պատերազմը վարկաբեկող լուսանկարներ:
Հոկտեմբերի 5-ին երեք հեռուստաընկերությունների տարածած համատեղ հայտարարության մեջ նշված է, որ սպասվող պատժամիջոցները կարող են հանգեցնել նույնիսկ ալիքների գործունեության կասեցմանը: Չնայած դրան, հեռուստաաալիքները հաղորդել են, որ ոչ մի պարագայում իրենք չեն հեռարձակելու այդ պաստառները:
Անկախ ՀԸ-ներն իրենց աջակցությունն են ցուցաբերել վերոնշյալ հեռուստաալիքներին:
Նրանց թվում են «Լրագրողական էթիկայի խարտիա»-ն, որը միավորում է ավելի քան 300 լրագրողների,«Մեդիա կոալիցիա»-ն, «Միջազգային թափանցիկություն-Վրաստան» և «Վրաստանի եվրոպական ուղեծիր» ՀԿ-ները։
Վրացի վերլուծաբան Պաատա Զաքարեիշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում անդրադարձավ «Վրացական երազանք»-ի պաստառներին և ներկայացրեց իր գնահատականն այս խնդրի շուրջ:
««Վրացական երազանք»-ն այս պաստառներով ցանկացել է տպավորություն ստեղծել, թե, իբր, Վրաստանը խուսափել է այն ամենից, ինչը տեղի է ունեցել Ուկրաինայում, բայց ոչինչ չի ասում այն մասին, թե ինչու է այդ ամենը տեղի ունեցել Ուկրաինայում։ Տպավորություն է, որ ուկրաինացիներն իրենք են ստեղծել այդ իրավիճակը։ Նա չի խոսում այն մասին, որ Ուկրաինան չի արել որևէ բան, որը պատճառ դառնար Ռուսաստանի ագրեսիայի։ Ստացվում է, որ այդ պաստառներն արդարացնում են Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ»,- ասաց Զաքարեիշվիլին:
Վերլուծաբանը հավելեց՝ պաստառները, որոնք պետք է ավետեին խաղաղություն, վարկաբեկում են ուկրաինացի ժողովրդին:
Զաքարեիշվիլիի խոսքով, չնայած «Վրացական երազանք»-ը պաստառների միջոցով փորձում է ցույց տալ ինչ–ինչ տարբերություններ, բայց իրավիճակը գրեթե նույնն է:
««Վրացական երազանք»-ը բավարար համարձակություն չունի բարձրաձայնելու, որ պաստառներում պատկերվածը ռուսական ագրեսիայի հետևանք է: Եթե պաստառներում ցուցադրվեին, օրինակ, Առաջին համաշխարհային պատերազմի լուսանկարներ՝ դա այլ հարց է, այդ դեպքում ասելիքը հասկանալի կլիներ»,- ասաց վերլուծաբանը` հավելելով, որ այդ ամենը գիտակցաբար է արվում, ոչ թե միամտորեն:
Պաստառներին և դրանց դեմ քաղաքացիների վրդովմունքին արձագանքել է նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Նախագահի խոսքով՝ այդքան ամոթալի, վրաց մշակույթին, ավանդույթներին, պատմությանն ու հավատքին այդքան վիրավորող բան չի տեսել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին Թբիլիսիում հայտնվել են «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական պաստառներ՝ «Ոչ պատերազմին, ընտրիր խաղաղությունը» մակագրությամբ։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարությամբ արձագանքել էր «Վրացական երազանք»-ի նախընտրական պաստառներին և կոչ արել Վրաստանի կառավարությանն ու բոլոր շահագրգիռ կողմերին զերծ մնալ Ուկրաինայի և նրա քաղաքացիների դեմ ագրեսիվ պատերազմի թեման շահարկելուց։
Որոշ պաստառների վրա ձախ կողմում պատկերված է Ուկրաինայի Դոնեցկի մարզի Բոգորոդիչնե գյուղի ռմբակոծությունից ավերված եկեղեցին, իսկ աջում՝ Թբիլիսիի Երրորդության տաճարը։ Մեկ այլ պաստառում ձախ կողմում պատկերված է ավերված Մարիուպոլի թատրոնը, իսկ աջում՝ Սենակիի թատրոնը, որը վերականգնել է Բիձինա Իվանիշվիլիի «Քարթու» հիմնադրամը։ Վահանակների ձախ կողմում, որտեղ պատկերված են պատերազմի ժամանակ ավերված ուկրաինական շենքերը, կցված են ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ընտրական համարները: