Աֆգան Սադիգովը պետք է ազատ արձակվի. Շվաբե

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ, գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեն հայտարարել է, որ ադրբեջանցի լրագրող Աֆգան Սադիգովը պետք է անհապաղ ազատ արձակվի բանտից։

«Ադրբեջանցի լրագրող Աֆգան Սադիգովն անօրինական կերպով ձերբակալվել է Վրաստանում։ Նրա առողջական վիճակը մտահոգիչ է. Նա պետք է անհապաղ ազատ արձակվի։ Գործը դիտարկում է Եվրախորհրդի դիտորդական առաքելությունը»,- գրել է Շվաբեն X սոցցանցում։

Մի քանի ամիս առաջ Թբիլիսիում ձերբակալված ադրբեջանցի լրագրող Աֆգան Սադիգովի կնոջ խոսքով՝ Թբիլիսիի մեկուսարանում հացադուլի հետևանքով իր ամուսինն անաշխատունակ է դարձել և տեղափոխվել հիվանդանոց։

Հիշեցնենք. Սադիգովը ձերբակալվել է օգոստոսի 3-ին։ Օգոստոսի 4-ին դատավորն արտահանձնման կալանք է սահմանել նրա նկատմամբ։ Նա կմնա անազատության մեջ՝ սպասելով արտահանձնման վերաբերյալ վերջնական որոշման։

Ըստ ներքին գործերի նախարարության՝ Սադիգովն Ադրբեջանում հետախուզվում է սպառնալիքների և շորթման համար: Սադիգովի ընտանիքն ադրբեջանական կողմի մեղադրանքը որակել է կեղծիք և ասել, որ Ադրբեջանին արտահանձնման դեպքում Ալիևի ռեժիմը դաժան կվարվի Սադիգովի հետ։

Մինչ ձերբակալությունը Սադիգովը հուլիսի 18-ին Թբիլիսիից այլ երկիր թռչելու հնարավորություն չի ստացել։ Օդանավակայանում նրան ասել են, որ կկարողանա լքել Վրաստանը միայն այն դեպքում, եթե մեկնի Բաքու։

Դրանից հետո Սադիգովը հրապարակավ ասել է, որ Վրաստանում այլևս ապահով չի զգում իրեն։ Նա հանդիպել է նաև օմբուդսմենի հետ։ Նրա իրավունքները պաշտպանում է Rights Georgia քաղաքացիական կազմակերպությունը։