Կփակվեն օկուպացված Ցխինվալիի մուտքի «անցակետերը»

Վրաստանի խորհրդարանական ընտրությունների պատճառով կփակվեն օկուպացված Ցխինվալիի շրջանի մուտքի «անցակետերը»։ Որոշումն ընդունվել է Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի անվտանգության խորհրդի նիստում, որը վարել է դե ֆակտո նախագահ Ալան Գագլոեւը։

Գագլոեւի մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ դե ֆակտո սահմանը կփակվի «Հարավային Օսիայի բնակչության անվտանգությունն ապահովելու և Վրաստանի արևմտամետ ու ազգայնական արմատական ​​ուժերի հնարավոր սադրանքները բացառելու համար»։

Հանդիպման ժամանակ նա նաև ասել է,  որ արևմտյան երկրների հետախուզությունն ու դեսպանատներն արդեն բացահայտ անում են և կանեն ամեն ինչ՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Վրաստանում իրավիճակն անվերահսկելի դարձնելու համար։

«Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին, և մենք, հաշվի առնելով առկա տեղեկատվությունը, տեսնում ենք, որ իրավիճակն օրեցօր բարդանում է»,- հավելել է նա։

Մինչ այս որոշումը` Ախալգորիի և Ջավայի շրջանների բնակիչները դե ֆակտո սահմանը կարող էին հատել միայն յուրաքանչյուր ամսվա 20-ից 30-ը։