Վրաստանի Սահմանադրական դատարանը հրապարակել է դատավորներ Գիորգի Կվերենչխիլաձեի և Թեյմուրազ Տուղուշիի հատուկ կարծիքը հոկտեմբերի 4-ին կազմված արձանագրության վերաբերյալ, որի հիման վրա «Գործակալների մասին օրենք»-ի կասեցման պահանջը չի բավարարվել։
Փաստաթղթի համաձայն՝ դատավորներ Կվերենչխիլաձեն և Տուղուշին կարծում են, որ Սահմանադրական դատարանը, նախքան գործով վերջնական որոշում կայացնելը, պետք է կասեցներ «գործակալների մասին» օրենքի վիճահարույց նորմերը։
«Վիճարկվող նորմերի վավերականության պայմաններում բացասական ենթատեքստով գրանցման պարտավորությունը կարող է անդառնալիորեն հարվածել (մեդիա) կազմակերպությունների հեղինակությանը և խոչընդոտել նրանց գործունեության իրականացմանը», — նշված է փաստաթղթում։
Հիշեցնենք, որ Վրաստանի Սահմանադրական դատարանը չի բավարարել «գործակալների օրենք»-ը կասեցնելու հայցվորների պահանջը։ Հոկտեմբերի 4-ին կազմված արձանագրության մեջ, որը հրապարակվել է երեկ՝ հոկտեմբերի 9-ին, գրված է. «Չբավարարել հայցվոր կողմի միջնորդությունը, այն է՝ կասեցնել վիճարկվող նորմերի գործողությունը՝ մինչև գործով վերջնական որոշման կայացումը»։