ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դաֆնա Ռենդը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունն ու Կոնգրեսը կվերահսկեն Վրաստանի ընտրություններն ամենաբարձր մակարդակով։ Այս հայտարարությունը նա արել է «Միջազգային հանրապետական ինստիտուտի» (IRI) և «Ատլանտյան խորհրդի» կազմակերպած քննարկման ժամանակ։
Դաֆնա Ռենդն իր ելույթում խոսել է Վրաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների մասին և ասել, որ դրանք արդար կլինեն, եթե կողմերի միջև լինի ազատ բանավեճ և մրցակցություն։
«Ես ուզում եմ մի փոքր խոսել Վրաստանի մասին, քանի որ դա շատ տագնապալի է մեզ համար՝ ԱՄՆ կառավարության համար: «Վրացական երազանք»-ի 12 տարվա կառավարումից հետո` հոկտեմբերի 26-ին մենք ունենք շատ մրցակցային ընտրություններ և տեսնում ենք, որ Ռուսաստանը, աջակցելով այս կուսակցությանը («Վրացական երազանք»-ին), արեց այն, ինչ արել էր իր երկրում՝ ընդունելով «գործակալների մասին օրենքը», որը սահմանափակում է քաղաքացիական հասարակությանը, մարդու իրավունքների հարցերով աշխատող կազմակերպություններին, քննադատությունը և այլն»,- ասել է նա։
Դաֆնա Ռենդի խոսքով՝ ԱՄՆ-ը մտահոգված է: «ԱՄՆ Կոնգրեսը կհետևի Վրաստանի ընտրություններին ամենաբարձր մակարդակով»,- ասել է նա։