Վրաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ (ՀԿ) Հատուկ քննչական ծառայությանը (ՀՔԾ) կոչ են անում հրապարակել «գործակալների օրենք»-ի դեմ կազմակերպված հանրահավաքները ճնշելու հետ կապված գործերի քննության մասին տեղեկությունները։
ՀԿ-ները նշել են՝ ՀՔԾ-ն և դատախազությունը մինչ օրս (09.10.2024) որևէ հանցագործության հնարավոր հեղինակի բացահայտման և մեղադրանքի վերաբերյալ որևէ տեղեկություն չեն հրապարակել։ Նաև հայտնի չէ, թե նախաքննության ընթացքում որևէ իրավապահի լիազորությունները կասեցվել են, թե ոչ։
«Իրավապահները ծեծի են ենթարկել հանրահավաքի մասնակիցներին՝ կանանց, երեխաներին, լրագրողներին, ընդդիմադիր քաղաքական գործիչներին, հատկապես ագրեսիվ են եղել ձերբակալությունների ժամանակ։ Բացահայտվել են կալանավորման ժամանակ ոչ պատշաճ վերաբերմունքի փաստեր:
Հատկանշական է, որ ոստիկանների կողմից ուժի կիրառումը շատ դեպքերում ունեցել է հաշվեհարդարի ձև և չի առնչվել ապօրինի դիմադրությունը կամ օրենքի խախտումը կանխելուն: Որոշ դեպքերում իրավապահ մարմինների ներկայացուցիչները կիրառել են ուժի այնպիսի խիստ մեթոդներ, որ մի քանի կալանավորներ, կախված վնասվածքների ծանրությունից, կարիք են ունեցել բուժհաստատությունում բուժօգնության և շտապ վիրահատության»,- ասված է հաղորդագրությունում։
Հայտարարության հեղինակների խոսքով, 2023 թվականի մարտի 7-9-ի և 2024 թվականի ապրիլ-մայիսի ցույցերի հետ կապված քրեական գործերով ՀՔԾ-ի կողմից այս փուլում հանրությանը հասանելի տեղեկատվության հիման վրա այն կարելի է որակել որպես ֆորմալ և արդյունքային առումով մտացածին: