Ընտրությունները՝ Վրաստանի ժողովրդավարության քննություն. Բորել

2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները քննություն կլինեն Վրաստանի ժողովրդավարության համար, Եվրախորհրդարանում Վրաստանի հարցով բանավեճի ելույթի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Բորելը խոսել է ռուսական և հոմոֆոբ օրենքների մասին, որոնք, չնայած լայնածավալ բողոքներին, հավանության են արժանացել «Վրացական երազանք»-ի խորհրդարանի կողմից, Բորրելը ևս մեկ անգամ դրանք բացասական է գնահատել։

«Անցյալ տարվա դեկտեմբերին, երբ Վրաստանին տրվեց ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ, մենք հույս ունեինք, որ դա մեծ խթան կհանդիսանա կառավարությանը՝ կարևոր բարեփոխումներ իրականացնելու, Եվրամիության հետ բանակցություններ սկսելու համար։ Ի հակադրություն, վերջին ամիսների ընթացքում կառավարությունն ընդունել է օրենքներ, որոնք երկիրը հեռացրել են այդ ճանապարհից», — ասել է Բորելը:

Բարձր ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ միաժամանակ Վրաստանի իշխանություններն ակտիվացրել են իրենց հակաԵՄ հռետորաբանությունը: Բորելի խոսքով, Եվրամիությունը կառավարության այս գործողություններին արձագանքել է համապատասխան միջոցներով. «Վրաստանի ԵՄ անդամակցության գործընթացը կասեցվել է, քաղաքական շփումները նվազել են, ԵՄ աջակցությունը Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով՝ 30 միլիոն եվրո, կասեցվել է, և օգնության պորտֆելը վերանայման փուլում է»։

Հիշեցնենք. հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքվեարկի «Վրաստանում ժողովրդավարության անկման և քաղաքական բազմակարծության սպառնալիքների մասին» բանաձևը։