2023 թվականի փետրվարի 22-ին, «Ջավախքի լրատվական կենտրոնի» (Jnews.ge) կազմակերպմամբ, տեղի է ունեցել Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի ներկայացուցիչների և Ախալքալաքի մունիցիպալիտետի 4 գյուղերի երիտասարդների հանդիպումը։ Հանդիպման նպատակն էր խոսել գյուղերի երիտասարդությանը հուզող խնդիրների մասին։
Հանդիպմանը ներկա են եղել Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, խորհրդարանի նախագահի տեղակալ Էդուարդ Աղասարյանը և խորհրդարանի անդամներ՝ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Սեդա Մելքումյանը, տարածքային և ենթակառուցվածքային պլանավորման հանձնաժողովի նախագահ Գենդադի Էլիզբարյանը և սոցիալական հարցերի, մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդության աշխատանքերի նախագահ Սողոմոն Ասլանյանը։
Հանդիպման շրջանակներում Ախալքալաքի սակրեբուլոն Խավեթ գյուղի երիտասարդներին խոստացել էր, որ եթե գյուղում 4-ից ավելի երեխա լինի, ապա անպայման կզբաղվեն մոտակա մանկապարտեզ հաճախելու նպատակով տրանսպորտային փոխադրամիջոց հատկացնելու հարցով։ Գյուղում այժմ նախադպրոցական տարիքի 15 երեխա կա։ Այսօր իրավիճակը կրկին նույնն է, ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել. երեխաները դեռևս չեն կարողանում հաճախել մանկապարտեզ, ինչը սահմանափակում է նրանց նախադպրոցական կրություն ստանալու հասանելիությունը։ Նմանատիպ պատկեր է նկատվում նաև Խավեթ գյուղի հետ ճանապարհով մեկ գծի վրա գտնվող Էրինջա և Դաբնիա գյուղերում։
Նշենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի 2024 թվականի բյուջեում մանկապարտեզներին վերաբերող միայն մեկ գրառում է հայտնաբերվել՝ «Նախադպրոցական հաստատությունների վերականգնում, շինարարություն»։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել Կուլիկամ գյուղի մանկապարտեզը, որի համար 158,4 հազար լարի (տե՛ս նկար 1)։ Ցավոք, բյուջեում չի հանդիպում նշում Խավեթ գյուղի նախադպրոցական երեխաներին մոտակա մանկապարտեզ հաճախելու համար փոխադրամիջոց տրամադրելու մասին։
Լուսանկար 1.Աղբյուր՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի 2024 թվականի բյուջե
«Ալիք Մեդիա»-ն կապ է հաստատել Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի հետ, որը նշել է՝ այսօրվա դրությամբ Խավեթում մանկապարտեզի կառուցումը չի հանդիսանում առաջնահերթ խնդիր, սակայն ծնողների համապատասխան դիմումի ներկայացման դեպքում հարցը քննարկման կդրվի։
«Այսօրվա դրությամբ Խավեթ գյուղում մանկապարտեզի կառուցումը բյուջեում ներառված չէ, ոչ էլ առաջնահերթ խնդիր է։ Առայժմ մանկապարտեզի կառուցումն այստեղ ձեռնտու չէ, դա կապված է մեծ ծախսերի հետ։ Այս փուլում մենք լուծում ենք ճանապարհների խնդիրը։ Ինչ վերաբերում է երեխաներին մոտակա մանկապարտեզ տեղափոխելուն, ապա հարցը կախված է հենց ծնողներից, եթե նրանք մեզ դիմեն նման խնդրանքով, ապա մենք կփորձենք քայլեր ձեռնարկել», — ասաց Մելքոն Մակարյանը։
«Ալիք մեդիան» զրուցել է Ախալքալաքի քաղաքապետարանի Խավեթ գյուղի նախադպրոցական տարիքի երեխաների մի քանի ծնողների հետ։ Զրույցի ընթացքում նրանք բարձրաձայնեցին մանկապարտեզ կառուցելու հարցը․ համաձայն չեն, որ քաղաքապետարանը երեխաների համար տրանսպորտ հատկացնի մոտակա գյուղի մանկապարտեզ տանելու համար, քանի որ չեն վստահում, վախենում են երեխաներին միայնակ թողնել։ Մանկապարտեզ ունեցող մոտակա գյուղերն են Սուլդան (Խավեթից 10 կմ հեռավորության վրա) և Կարծախը, որը Սուլդայից ավելի հեռու է գտնվում։
«Մենք տրանսպորտ չենք ուզում, թող մանկապարտեզ կառուցեն։ Ճանապարհը երկար է, ու՞մ վստահենք մեր երեխաներին», — ասում է Խավեթ գյուղի ծնողներից մեկը։
«Եթե տրանսպորտ էլ հատկացնեն, միևնույնն է՝ վախենում ենք, ո՞վ է ճանապարհին երեխաներին ուշադիր լինելու, ճանապարհը երկար է՝ Սուլդանը կամ Կարծախը մոտ չեն գտնվում։ Բնականաբար, վարորդը չի կարող ուշադիր լինել՝ ղեկի՞ն ուշադիր լինի, թե՞ երեխաներին, այդ պատճառով նախընտրելի է գյուղում կառուցել։ Նախադպրոցական տարիքի մոտ 15 երեխա ունենք, եթե գյուղում կառուցվի, ապա այն կարող է նպատակահարմար լինել նաև Էրինջա և Դաբնիա գյուղերի համար», — ասում է Խավեթ գյուղի ծնողներից մեկը։
«Կարծում եմ, որ մանկապարտեզի կառուցումը կարևոր է, քանի որ նրանք, որ հաճախում են նախ մանկապարտեզ, ապա նոր դպրոց, ավելի քիչ են դժվարությունների հանդիպում դպրոցում․ ավելի զարգացած են լինում, գիտեն գույները, հաշվում են մինչև 10-ը և այլն։ Կկիսվեմ իմ օրինակով՝ տղաս առաջին դասարանում դժվարությամբ էր սովորում, եթե մանկապարտեզ հաճախեր, կարծում եմ՝ այդպես չէր լինի։ Խոսել ենք տրանսպորտով ապահովման հարցի մասին, սակայն անձամբ ես համաձայն չեմ, ինչպե՞ս կարող ենք երեխաներին միայնակ թողնել»,- ասաց մեկ այլ ծնող Խավեթ գյուղից:
Մեկ այլ ծնող կիսում է իր մտավախությունները, բայց խոսում է այլընտրանքային լուծման մասին․
«Վատ է, որ գյուղում մանկապարտեզ չունենք, բայց միգուցե լուծում գտնենք, ասենք, եթե մեզ տրանսպորտով ապահովեն, և բացի վարորդից, վարձեն ևս մեկ աշխատող, որը երեխաներին ուշադիր կլինի ճանապարհին, կարծում եմ, որ ծնողներն հանգիստ կլինեն, չեն վախենա երեխաներին միայնակ ուղարկել այլ գյուղի մանկապարտեզ», — ասաց ծնողներից մեկը։
Ներկայում, Ախալքալաքի մունիցիպալիտետում գործում է 17 մանկապարտեզ, որից 3-ը Ախալքալաք քաղաքում, իսկ 14-ը՝ գյուղերում (ընդհանուր առմամբ, մունիցիպալիտետում կա 65 գյուղ)։
Ընդհանուր առմամբ 28 գյուղ կա, որոնցից երեխաներին տանում են մոտակա մանկապարտեզներ, այդ գյուղերն են՝ Իխտիլա, Մերենիա, Բոզալի,Կորխ,Մաջադիա, Բավրա, Խոսպիո, Մուրջախեթ,Զաքվի, Բուղաշեն, Տուրցխ,Բեժանո, Ալաթուման, Ագանա, Սիրկվա, Բուզավետ, Դադեշ, Օրջա, Կարտիկամ, Հոկամ,Աբուլ, Արագվա, Ազմանա, Ափնիա,Քարցեպ, Ղադոլար, Բուռնաշեթ և Լոմատուրցխ։ Ավելի մանրամասն՝ գյուղերի ցանկը, որտեղից երեխաներին պետք է տեղափոխել մոտակա մանկապարտեզներ և դպրոցներ:
Ելնելով վերոնշյալից՝ կարելի է եզրակացնել, որ Ախալքալաքի քաղաքապետարանի խոստումը Խավեթի երեխաներին տրանսպորտով ապահովման մասով չի կատարվել։ Խնդիրը մնում է չլուծված։ «Ալիք Մեդիա»-ն ուշադրությամբ հետևում է իրադարձությունների զարգացմանը և հետագայում կտեղեկացնի նորությունների մասին։