Նինոծմինդայի խաղահրապարակի լուսավորության հարցը

Նինոծմինդա քաղաքի Կեցխովելի փողոցի հարևանությամբ գտնվող մանկական խաղահրապարակը  երեխաների սիրելի վայրերից մեկն է՝ այնտեղ նրանք անցկացնում են իրենց ժամանցը։ Վերջին շրջանում տարածքի լուսավորության խնդիրը մեծ մտահոգություն է առաջացրել համայնքում։

Բնակիչներն անհանգստացած են, որ հատկապես երեկոյան ժամերին խաղահրապարակի մթությունը կարող է վտանգ հանդիսանալ երեխաների համար։ Բազմաթիվ ծնողներ հայտնվել են դժվարին իրավիճակում։

«Երեխաներս, երբ երեկոյան գալիս են այստեղ, անհանգստանում եմ․ նրանք  են ընկնել, վնասվել», — ասում է ծնողներից մեկը։

Նրա մտավախությունները կիսում են շատ ծնողներ․ համոզված են, որ խաղահրապարակի լուսավորության բարելավումն առաջնահերթ խնդիր է։ Երեխաները նույնպես զգում են վերոնշյալ խնդրի հետևանքը․

«Մենք սիրում ենք այստեղ խաղալ, բայց երբ մութ է, վախենում ենք», — ասաց երեխաներից մեկը:

«Ալիք Մեդիա Վրաստանը» կապ հաստատեց Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի հետ, ով հայտնեց, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի լուսավորության համակարգում չկան այնպիսի խնդիրներ, որոնք չեն լուծվել կամ ի զորու չեն լուծվելու: Քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները պլան-գրաֆիկի համաձայն աշխատում են կարգավորել քաղաքացիներին անհարմարություն պատճառող խնդիրները։

«Կարող եմ վստահորեն նշել, որ Նինոծմինդայի խաղահրապարակը մինչև նոյեմբեր ամբողջովին կլուսավորվի։ Որպես հիշեցում նշեմ, որ յուրաքանչյուր աշխատանք իրականացվում է ըստ ժամանակացույցի, մոտ մեկուկեսից երկու ամսվա ընթացքում բնակիչները կտեսնեն զգալի արդյունք», — նշում է քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը։

Քաղաքապետը նաև հայտնեց, որ  խաղահրապարակի լուսավորության համակարգի բարելավման համար արդեն կան ձեռնարկված միջոցառումներ։

Հարցին՝ արդյո՞ք նախատեսվում են լրացուցիչ սարքեր կամ համակարգեր, որոնք կապահովեն էներգիայի արդյունավետ օգտագործում, քաղաքապետը նշեց, որ  մունիցիպալիտետի ողջ տարածքում էլեկտրաէներգիան արդյունավետ է օգտագործվում, դեռևս չկա լրացուցիչ լուսավորության սարքավորումների անհրաժեշտություն։

«Մեր մունիցիպալիտետի ողջ տարածքում իրականացվում են տարատեսակ աշխատանքներ, որոնք կապված են ենթակառուցվածքների կառուցման/ վերանորոգման, լուսավորության հարցերի և այլնի հետ։ Կարող եմ փաստել, որ բնակիչներն ամեն օր իրատես են լինում բազմաշերտ փոփոխությունների», — նշում է քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը։

Հիշեցնենք, որ 2024 թվականի գարնանը  Նինոծմինդա քաղաքում իրականացվել են չաշխատող լապտերները փոխելու աշխատանքներ՝ ուղղված քաղաքի լուսավորության և անվտանգության բարելավմանը։

Հեղինակ՝ Լուսինե Նուրջանյան