Երեկվա օրը համառոտ. հոկտեմբերի 8

Վրաստանը ժողովրդավարության անկման հետևանքով չի ստանա Եվրամիությունից հատկացվող 121 միլիոն եվրոյի չափով օգնությունը:

Եվրամիության բարձրագույն մարմինը նախատեսում է վերահաստատել, որ Վրաստանի կառավարության ներկայիս կուրսը խոչընդոտում է երկրի եվրաինտեգրմանը և Թբիլիսիին կոչ անել ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շարունակում է վարչապետի թեկնածուի խնդրի շուրջ խորհրդակցություններն ընդդիմադիր կուսակցությունների հետ։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանական ընտրությունների օրը՝ հոկտեմբերի 26-ին, նախագահական նստավայրում համակարգման հարթակ կստեղծի։

Գերմանիայի դեսպանատանը Գերմանիայի վերամիավորման օրվան նվիրված միջոցառմանը Վրաստանի կառավարության և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները չեն հրավիրվել։

ՆԱՏՕ-ի հետ համագործակցություն, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունների վերսկսում, Չինաստանի հետ գործընկերության խորացում, Ռուսաստանի հետ պրագմատիզմ. սրանք են Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության  արտաքին քաղաքականության վերաբերյալ նախընտրական ծրագրի առանցքային թեմաները:

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ մինչև 2028 թվականը երկրում միջին աշխատավարձը կհասնի 3500 լարիի։

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հատուկ հանձնարարությունների վարչության տնօրեն Զվիադ Խարազիշվիլիի («Խարեբա») դե ֆակտո վերահսկողությամբ ընտրությունների ընթացքը տագնապալի է, հայտարարել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ):

2024 թվականին Վրաստանի սահմանին միջազգային պատժամիջոցները շրջանցելու փորձերի 318 փաստ է հայտնաբերվել։

Վրաստանում արտահանձնման կալանքի տակ գտնվող ադրբեջանցի լրագրող Աֆգան Սադիգովը տեղափոխվել է Գլդանիի բանտային բուժհաստատություն։

Վրաստանի Մցխեթա-Մթիանեթիի շրջանի Կազբեգիի մունիցիպալիտետում գտնվող Մկղինվարծվերի լեռ տանող ճանապարհին երկու զբոսաշրջիկ լեռնագնաց է մահացել։

Լրատվամիջոցների շահերի պաշտպանության կոալիցիան հայտատարել է, որ դատապարտում է «Վրացական երազանք»-ի գործողությունները, որը «քաղաքական նպատակներով չարաշահում է ուկրաինացի ժողովրդի ողբերգությունը», և նշել է, որ անկախ լրատվամիջոցներին՝ «Մթավարի արխի»-ին, «TV Պիրվելի»-ին և «Ֆորմուլա»-ին քաղաքական գովազդներ հեռարձակելու պահանջը ոչ միայն լրատվամիջոցների ազատության, այլև էթիկական լրագրության կոպիտ խախտում է։

Սեպտեմբերի 26-ից հետո հյուպատոսական գրանցմանը մասնակցել է 22 հազար քաղաքացի. այս տեղեկությունը տարածել է Վրաստանի նախկին հանրային պաշտպան Նինո Լոմջարիան։

Վրաստանյան «Մենք» («Չվեն») ընդդիմադիր կուսակցությունը լքել են երեք առաջնորդներ՝ Դավիթ Քացարավան, Ակիա Բարբակաձեն և Կախա Գոգիձեն։