Վաշինգտոնի քաղաքականությունը Թբիլիսիի և Երևանի նկատմամբ

Ամերիկայի Միացյալ Նահանգները, Վրաստանի հետ հարաբերությունների համապարփակ քաղաքականության վերանայմանը զուգահեռ, փոխում է Հարավային Կովկասի տարածաշրջանում ներգրավվածության իր քաղաքականությունը։ Նոր ռազմավարությամբ ԱՄՆ-ի 30-ամյա հավատարիմ դաշնակից Վրաստանը երկրորդ պլան է մղվում, որին, կարծես, փոխարինում է Հայաստանը, անդրադառնալով ԱՄՆ կառավարության Եվրոպայում անվտանգության և համագործակցության հարցերով հանձնաժողովի (Հելսինկյան հանձնաժողով) զեկույցին, «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեցին վրացի փորձագետներն ու ընդդիմադիրները:

Փորձագետների ու ընդդիմադիրների գնահատմամբ՝ ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի նոր զեկույցը ներկայացնում է Ռուսաստանի՝ որպես ավանդական «հեգեմոնի», դերի թուլացումը Հարավային Կովկասում Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի ֆոնին, և Վաշինգտոնին խորհուրդ է տալիս, թե ինչպես շարունակել հարաբերությունները Երևանի, Թբիլիսիի և Բաքվի հետ:

Հելսինկյան հանձնաժողովի զեկույցում նշված է՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ի կառավարությունը շրջվել է դեպի Ռուսաստան, ինչը լուրջ անհանգստություն է հարուցում: Հարավային Կովկասը գտնվում է վտանգավոր ռազմավարական սայրի եզրին, քանի որ Ռուսաստանը փորձում է պահպանել իր ազդեցությունը՝ հակամարտություններ հրահրելով տարածաշրջանում, և, հետևաբար, Միացյալ Նահանգները պետք է վերանայի մոտեցումներն իր դաշնակիցներին:

Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլիի խոսքով, Թբիլիսի-Վաշինգտոն հարաբերությունների վերանայումը զարմանալի չէ. հարաբերությունները վերանայվում են «Վրացական երազանք»-ի հակաժողովրդավարական և հակաարևմտյան հռետորաբանության պատճառով: Ըստ նրա՝ «Վրացական երազանք»-ի կառավարությունն ամեն կերպ վատթարացնում է հարաբերությունները Վաշինգտոնի հետ:

Փոխարենը, ըստ Մելաշվիլիի, Երևանն արևմտամետ քաղաքականություն է վարում. Մոսկվայի դարավոր և ավանդական դաշնակից համարվող Երևանը ճիշտ քայլեր է անում՝ թուլացնելով Մոսկվայի ազդեցությունը:

«Մինչ վրաստանյան ընտրությունները Վաշինգտոնը լուրջ վերանայում չի կատարի ԱՄՆ-Վրաստան հարաբերություններում: Հոկտեմբերի 26-ին կայանալիք ընտրությունները որոշիչ դեր կխաղան այդ գործընթացում: Վրաստանյան ընտրությունները որոշիչ դերակատարում կունենան նաև ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար»,- ասաց Մելաշվիլին:

Մելաշվիլիի դիտարկմամբ՝ Հարավային Կովկասի երկրներում որքան շատ թուլանա ռուսական ազդեցությունը, այդքան ավելի լավ կլինի այս տարածաշրջանում գտնվող բոլոր երկրների համար:

Հելսինկյան հանձնաժողովն ընդգծել է՝ Հայաստանը, որը պատմականորեն Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից է, հեռանում է Մոսկվայից, զուգահեռաբար՝ Ադրբեջանն ամրապնդում է կապերը Ռուսաստանի հետ և հավասարակշռում դրանք ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և Եվրամիության հետ երկար ու համագործակցային հարաբերություններով։

Միաժամանակ, ըստ Հելսինկյան հանձնաժողովի՝ Վրաստանի «Վրացական երազանք»-ի կառավարությունը թեքվել է դեպի Ռուսաստան և հակալիբերալ կողմնորոշում որդեգրել՝ թերևս, հրաժարվելով իր ժողովրդի արևմտամետ տրամադրություններից: Դեպի ռուսամետ դիրքորոշում այս տեղաշարժը լուրջ մտահոգության տեղիք է տալիս:

Վրաստանի ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի անդամ, քաղաքագետ Գրիգոլ Գեգելիան «Ալիք Մեդիա Վրաստան»-ին ասաց՝ «Վրացական երազանք»-ի իշխանության օրոք միակ վեկտորը, որ կարող է ունենալ Վրաստանը՝ ավտորիտար ճամբարն է. դրանք են՝ Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը:

Ըստ նրա՝ իշխող կուսակցությունը, Վրաստանը քաղաքակիրթ արևմտամետ աշխարհին միացնելու փոխարեն, միանում է ավտորիտար համակարգին, ռազմավարական պայմանագրեր է կնքում նրանց հետ, այցելում է տվյալ երկրները, ինչն, իհարկե, 30-ամյա դաշնակից ԱՄՆ-ին դուր չի գալիս, քանի որ իշխանության այս քայլերը Վրաստանը հեռացնում են ժողովրդավարությունից: Նրա խոսքով, այս փուլում Վաշինգտոնի քայլերը Վրաստանի և Հայաստանի նկատմամբ ամենևին էլ զարմանալի չեն:

«Այն ամենն ինչ անում է Վրաստանի կառավարությունը՝ ռուսական նախագծի մաս է կազմում: Սա Վրաստանի մեկուսացման նախագիծն է:

Ինչ վերաբերում է հարևան Հայաստանին, ապա պետք է ընդգծել, որ վերջին շրջանում շատ ակնհայտ է, որ Հայաստանն արտաքին քաղաքականության առումով ճիշտ քայլեր է ձեռնարկում: Հայաստանն աշխատում է ռուսական ազդեցության նվազեցման ուղղությամբ, ինչը դրական է և՛ իր համար, և՛ Հարավային Կովկասի համար: Երևանի արտաքին քաղաքականությունը շատ ուշագրավ ու կարևոր է նաև նրանով, որ ցանկանում են երկիրը տեսնել եվրատլանտյան ընտանիքում»,- ասաց Գեգելիան:

Գեգելիայի խոսքով, 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայանալիք վրաստանյան խորհրդարանական ընտրություններն առանցքային կլինեն ոչ միայն Վրաստանում, այլև Հարավային Կովկասում ժողովրդավարության հետագա զարգացման հարցում: