Վրաստանում արտահանձնման կալանքի տակ գտնվող ադրբեջանցի լրագրող Աֆգան Սադիգովը տեղափոխվել է Գլդանիի բանտային բուժհաստատություն։ Սեպտեմբերի 21-ից նա հացադուլ է հայտարարել։
Օրեր առաջ՝ հոկտեմբերի 3-ին, «Rights Georgia» հասարակական կազմակերպությունը տեղեկություն էր տարածել Սադիգովիի առողջական վիճակի մասին։
«Չեմ բացառում, որ վիճակը վատ է։ Մենք նույնպես խնդրել էինք նրան տեղափոխել բուժհաստատություն, քանի որ ինքնազգացողությունը վատացել էր»,- «Մթավարի արխի» հեռուստաընկերությանն ասել է Սադիգովի փաստաբանը։
«Ռադիո Թավիսուփլեբա»-ի հետ զրույցում Աֆգան Սադիգովի կինն ասել է, որ ամուսնուն բուժհաստատություն տեղափոխելու մասին իրեն հայտնել են բանտից։
«Երեկ երեկոյան բանտից մի մարդ զանգահարեց ինձ և ասաց, որ Աֆգանի ինքնազգացողությունը վատացել է, և նրան տեղափոխել են հիվանդանոց։
Այսօր նրա հացադուլի 18-րդ օրն է, նա Ադրբեջանում 242 օր հացադուլ էր հայտարարել ու 40 կիլոգրամ էր կշռում։ Բժիշկները նույնպես ասել են նրան, որ պետք է լավ սնվել»,- պատմել է լրագրողի կինը։
Հիշեցնենք. Սադիգովը ձերբակալվել է օգոստոսի 3-ին։ Օգոստոսի 4-ին դատավորն արտահանձնման կալանք է սահմանել նրա նկատմամբ։ Նա կմնա անազատության մեջ՝ սպասելով արտահանձնման վերաբերյալ վերջնական որոշման։
Ըստ ներքին գործերի նախարարության՝ Սադիգովն Ադրբեջանում հետախուզվում է սպառնալիքների և շորթման համար: Սադիգովի ընտանիքն ադրբեջանական կողմի մեղադրանքը որակել է կեղծիք և ասել, որ Ադրբեջանին արտահանձնման դեպքում Ալիևի ռեժիմը դաժան կվարվի Սադիգովի հետ։
Մինչ ձերբակալությունը Սադիգովը հուլիսի 18-ին Թբիլիսիից այլ երկիր թռչելու հնարավորություն չի ստացել։ Օդանավակայանում նրան ասել են, որ կկարողանա լքել Վրաստանը միայն այն դեպքում, եթե մեկնի Բաքու։
Դրանից հետո Սադիգովը հրապարակավ ասել է, որ Վրաստանում այլևս ապահով չի զգում իրեն։ Նա հանդիպել է նաև օմբուդսմենի հետ։ Նրա իրավունքները պաշտպանում է Rights Georgia քաղաքացիական կազմակերպությունը։