Խարազիշվիլիի դե ֆակտո վերահսկողությամբ ընտրությունների ընթացքը տագնապալի է. TI

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հատուկ հանձնարարությունների վարչության տնօրեն Զվիադ Խարազիշվիլիի («Խարեբա») դե ֆակտո վերահսկողությամբ ընտրությունների ընթացքը տագնապալի է, հայտարարել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ):

Հիշեցնենք, որ Խարազիշվիլին Վրաստանում մարդու իրավունքների լուրջ խախտումների համար ԱՄՆ պատժամիջոցների է ենթարկվել:

Ըստ TI-ի՝ տագնապալի է նաև ՆԳ նախարարի հրամանի նորմերից մեկը, ըստ որի՝ ոստիկանության ուժերը կարող են իրականացնել «կանխարգելիչ և հանցագործության դեմ պայքարի միջոցառումներ», այդ թվում՝ «ընտրատեղամասի շրջակայքում մարդկանց հոսքի դեպքում»։ Կազմակերպության կարծիքով, դա չունի իրավական հիմք և ուղղակիորեն հակասում է Վրաստանի Սահմանադրությամբ սահմանված հավաքների ազատությանը և մարդու միջազգային իրավունքներին։

«Զվիադ Խարազիշվիլին մարդու իրավունքների լուրջ խախտումների համար ենթարկվել է պատժամիջոցների ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից, նա հայտնի է քաղաքական հակառակորդների և բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ իր դաժանությամբ։ Տագնապալի է, որ ՆԳ նախարարը Զ. Խարազիշվիլիին չի հեռացվել զբաղեցրած պաշտոնից, ավելին` նրան է վստահվել ընտրությունների հետ կապված գործընթացների դե ֆակտո վերահսկողի գործառույթը»,- նշել է ՀԿ-ն:

ՀԿ-ն Վրաստանի ՆԳ նախարարին կոչ է արել անհապաղ փոխել հրամանը և չեղարկել հատուկ հանձնարարությունների վարչության պետի ներկայացուցչի մասնակցությունը, այսպես կոչված՝ տարածքային խմբերում:

Հիշեցնենք. 2024 թվականի սեպտեմբերի 30-ին ՆԳ նախարարը հրաման է արձակել «Վրաստանի խորհրդարանի 2024 թվականի հոկտեմբերի 26-ի ընտրությունների ազատ, անվտանգ և խաղաղ միջավայրում անցկացումն ապահովելու որոշ միջոցառումների իրականացման մասին»։ Նշված կարգի համաձայն՝ Վրաստանի և Թբիլիսիի շրջաններում կստեղծվեն «օրինախախտումների կանխարգելման և դրանց արձագանքման համար պատասխանատու խմբեր», այսպես կոչված՝ տարածքային խմբեր»։

Պատժամիջոցների տակ գտնվող պաշտոնյաներն աշխատավարձ են ստանում