ՆԱՏՕ-ի հետ համագործակցություն, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունների վերսկսում, Չինաստանի հետ գործընկերության խորացում, Ռուսաստանի հետ պրագմատիզմ. սրանք են Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության արտաքին քաղաքականության վերաբերյալ նախընտրական ծրագրի առանցքային թեմաները:
Հոկտեմբերի 7-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ներկայացնելով «Վրացական երազանք»-ի նախընտրական ծրագիրն, ասել է. «Եվրաինտեգրումը մնում է մեր երկրի հիմնական արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը»։
Կոբախիձեն նաև կրկնել է, որ «մինչև 2030 թվականը Վրաստանն ամենապատրաստը կլինի Եվրամիությանն անդամակցելու թեկնածու երկրներից»։
Ըստ Կոբախիձեի՝ «Վրացական երազանք»-ի գլխավոր առաջնահերթություններից մեկը ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացումն է։
«Նաև Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության խորացումը, որը մեծ նշանակություն ունի և՛ տնտեսական, և՛ քաղաքական տեսանկյունից: Մենք այստեղ մեծ առաջընթաց ենք գրանցել: Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է անցյալ տարի, և մենք արդեն ունենք կոնկրետ նախաձեռնություններ, որոնք իրականացման փուլում են, և շնորհակալություն ենք հայտնում չինացի գործընկերներին այս աջակցության համար։
…Եվ պրագմատիկ քաղաքականություն Ռուսաստանի հետ՝ հակամարտության խաղաղ կարգավորումը նույնպես հիմնական առաջնահերթություններից է»,- ասել է Կոբախիձեն: