ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2024 թվականի խորհրդարանական ընտրություններ. ինչ պետք է իմանալ

2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, «Ալիք Մեդիա Վրաստան»-ը զրուցել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրական գործընթացների կառավարման վարչության ղեկավար Էկա Ցաբաշվիլիի հետ:

Ցաբաշվիլին խոսել է գալիք խորհրդարանական ընտրություններում կիրառվելիք նոր տեխնոլոգիաների՝ ձայների հաշվման և նույնականացման սարքերի մասին:

— Մենք ընտրությունները կանցկացնենք էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ, և հոկտեմբերի 26-ին ընտրողների մոտ 90 տոկոսը կքվեարկի հենց այդ տարբերակով: Օրենսդրությամբ մենք պարտավոր ենք առնվազն 70 տոկոս ընտրատարածքներում քվեարկել էլեկտրոնային միջոցներով, սակայն ընտրական վարչակազմը որոշում է կայացրել, սահմանել է որոշակի չափորոշիչներ. այն ընտրատեղամասերը, որոնք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից 20 կիլոմետրից ոչ ավելի հեռավորության վրա են գտնվում, և ընտրողների թիվը 300-ից ավելի է, նման ընտրատեղամասերում ընտրությունները կանցկացվեն էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ։

— Այս տեխնոլոգիան ներառում է երկու էլեկտրոնային սարք: Մեկը՝ ստուգման (վերֆիկիացիոն) սարքն է, ընտրողների գրանցման, այսպես կոչված՝ էլեկտրոնային սարքը և ձայների հաշվարկման էլեկտրոնային սկաները: Ստուգման սարքի դրական կողմերի մասին խոսելիս պետք է ընդգծել՝ ընտրողների գրանցման ընթացակարգը շատ պարզեցված է։ Եթե ​​նախկինում ընտրողների գրանցումը կատարվում էր տպագիր աղյուսակների միջոցով, ապա այս դեպքում ընտրողը գրանցվում է էլեկտրոնային եղանակով։ 

— Ընտրատարածքներում տեղակայված կլինեն առնվազն երկու և ոչ ավելի, քան 5 ստուգման սարքեր. դա կախված է ընտրողների թվից. սարքերը սինխրոնիզացված են միմյանց հետ, ընտրողը հնարավորություն ունի մոտենալու ցանկացած ազատ գրանցողի: Նա այլևս ստիպված չի լինի այբբենական կարգով մոտենալ գրանցողին, և դա մեծապես արագացրել է ընտրական գործընթացը։

— Ինչ վերաբերում է ձայների հաշվման սկաներին, ապա քվեաթերթիկները սկանավորվում են, և նախնական արդյունքներն ուղարկվում են շատ կարճ ժամանակահատվածում: Եթե դիտարկենք նախորդ ընտրությունները, ապա 2023-ին ունեցել ենք արտահերթ միջանկյալ ընտրություններ, և նախնական արդյունքները հրապարակվել են մեկուկես ժամվա ընթացքում:

— Ուշադրություն եմ հրավիրում ստուգման սարքի վրա: Ստուգման սարքում ներբեռնված է կոնկրետ ընտրական տեղամասի ընտրողների միասնական ցուցակը. մեկ կոնկրետ ընտրատեղամասի ընտրողը չի կարող գրանցում անցնել մեկ այլ ընտրատեղամասում։ Կարևոր է նաև, որ եթե ընտրողը նորից փորձի գրանցում անցնել, ապա սարքն ազդանշան կտա: Անհնար է, որ ընտրողը նորից գրանցվի։ Եթե ​​ընտրողը գտնվում է շարժական քվեատուփի ցուցակում, և նա քվեարկության օրը հայտնվի ընտրատեղամասում, բնականաբար նրան հնարավորություն չի տրվի մասնակցելու ընտրություններին, քանի որ սարքն այդ դեպքում նույնպես ձայնային ազդանշան է արձակելու.

— Ասեմ նաև, որ մենք նորություններ ունենք այն տարածքների մասին, որտեղ ընտրություններն անցկացվում են ավանդական եղանակով, այս դեպքում քվեաթերթիկները թվայնացված կլինեն, կսկանավորվեն և կտեղադրվեն համապատասխան հարթակում, և ցանկացած հետաքրքրված անձ հնարավորություն կունենա դա տեսնելու։ Մյուս կարևոր նորությունն այն է, որ նախնական արդյունքները կուղարկվեն էլեկտրոնային եղանակով, թեև բոլոր ընտրատեղամասերից (ընտրատեղամասերի թիվը 3030 է), ամփոփ արդյունքները, երբ վերջնականապես ձեռքով հաշվարկվեն, ևս էլեկտրոնային եղանակով կուղարկվեն կենտրոնական ընտրական հանձնաժողով. դա նույնպես մեծապես արագացնում է ընտրությունների ընթացակարգերը:

— Ընտրողն ուղղակիորեն քվեաթերթիկը տեղադրում է ծրարի մեջ, քվեաթերթիկը պետք է շրջել, որպեսզի ընտրության նշումը ներքևի կողմում լինի։ Ամենակարևորը, որ այս սարքերը՝ ստուգման սարքը և ձայների հաշվարկման սկաները, միացված չեն ինտերնետին: Մենք հիշյալ սարքերը նաև ստուգել ենք 2023 թվականի միջանկյալ ընտրությունների ժամանակ, դրանց աուդիտի զեկույցը հաստատել է, որ անհնար է ընտրողին կապել քվեարկության հետ, ուստի՝ գաղտնիությունը պահպանվում է: