Վրաստանի ներքին գործերի (ՆԳ) նախարար Վախթանգ Գոմելաուրին խոսել է ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող ՆԳՆ աշխատակիցների, ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության տնօրեն Զվիադ Խարազիշվիլիի («Խարեբա»), «Խարեբա»-ի տեղակալ Միլերի Լագազաուրիի աշախատավարձերի ստացման մասին:
«Շատ լավ վճարում ենք աշխատավարձը… շատ լավ: Նրանք սովորականի պես ստանում են իրենց աշխատավարձը», — ընդդիմադիր «TV Պիրվելի» հեռուստաընկերության հարցին ի պատասխան ասել է Գոմելաուրին:
Լրագրողի հարցին՝ կանխիկ են աշխատավարձ ստանում, թե ոչ, Գոմելաուրին պատասխանել է. «…Բանկում արդյոք միայն «Վիզա» քարտեր են․ այլ քարտեր չկա՞ն»։
Նախարարը չի հստակեցրել, թե որ բանկն է սպասարկում պատժամիջոցների ենթարկված բարձրաստիճան պաշտոնյաներին: «Ի՞նչ կապ ունի: Ես պարտավոր չեմ իմանալ: Դա անհատական է»,- ասել է ՆԳ նախարարը:
Ի դեպ, ՆԳՆ-ն չի հայտնել, թե որ բանկային հաշվին է փոխանցելու ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո հայտնված բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը։
ԱՄՆ-ը սեպտեմբերի 16-ին պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի չորս քաղաքացիների նկատմամբ։ Նրանց թվում են բարձրաստիճան ոստիկաններ՝ ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության տնօրեն Զվիադ Խարազիշվիլին («Խարեբա»),«Խարեբա»-ի տեղակալ Միլերի Լագազաուրին:
Խարազիշվիլին, ըստ վերջին հայտարարագրի՝ մինչև 2024 թվականի հունիսն ունի աշխատավարձի հաշիվ TBC Bank-ում։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն բանկերին կոչ է արել պատժամիջոցների փոխարեն պաշտպանել «Վրաստանի օրենսդրությունն ու Սահմանադրությունը»։
Ազգային բանկն էլ առևտրային բանկերին հիշեցրել է ղեկավարի՝ Նաթիա Թուրնավայի հրամանը, ըստ որի՝ Վրաստանի քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում միայն «դատարանի մեղադրական դատավճռով»։