ՍԴ-ի որոշումը չի խոչընդոտի «ռուսական օրենք»-ի դեմ պայքարին. կարծիքներ

Ըստ վրացի փորձագետների և քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչների՝ հոկտեմբերի 9-ին Սահմանադրական դատարանի (ՍԴ) կայացրած որոշումը չի խոչընդոտի «ռուսական օրենք»-ի դեմ պայքարին:

Խոսքն այն մասին է, որ հոկտեմբերի 9-ին հրապարակվել է որոշում, ըստ որի` ՍԴ-ն մերժել է «Գործակալների օրենքի» կասեցման միջնորդությունը:

Այդ միջնորդությամբ Սահմանադրական դատարանը կարող էր կասեցնել «գործակալների օրենքը»` մինչ վերջնական որոշման կայացումը և օրենքի հակասահմանադրական լինել-չլինելու խնդրի գնահատումը։

«Ռուսական օրենք»-ը պահանջում էին չեղարկել Վրաստանի նախագահը, որոշ հասարակական ու լրատվական կազմակերպություններ և խորհրդարանական ընդդիմությունը։ Հարցը դատարանում քննարկել են դատավորներ Մերաբ Տուրավան, Վասիլ Ռոինիշվիլին, Գիորգի Կվերենչխիլաձեն, Էվա Գոցիրիձեն, Գիորգի Թևդորաշվիլին, Մանանա Կոբախիձեն, Խվիչա Կիկիլաշվիլին և Թեիմուրազ Տուղեշին։

Որոշման մեջ նշված է, որ դատավորներ Գիորգի Կվերենչխիլաձեն և Թեիմուրազ Տուղուշին այլ կարծիք են հայտնել վեճի նորմի կասեցման վերաբերյալ։ Էվա Գոցիրիձեն նույնպես այլ կարծիք է  ունեցել Սահմանադրության 78-րդ հոդվածի հետ կապված վիճահարույց նորմի հակասահմանադրականության վերաբերյալ: Այս փուլում նրանց փաստարկները հասանելի չեն։

Սահմանադրագետ Վախուշտի Մենաբդեն հոկտեմբերի 9-ին ՍԴ-ի կայացրած որոշմանն արձագանքել է իր ֆեյսբուքյան էջում: Ըստ նրա` Սահմանադրական դատարանը կայացրել է սպասված որոշումը: Մենաբդեի խոսքով՝ պետք չէր անտեղի հույսեր կապել, քանի որ հստակ երևում է, թե ով ում աջակիցն է և` հակառակը:

«Նման հույսը խորացնում է ճգնաժամը և կանխում մոբիլիզացումը, փոխարենը բերում է միայն հիասթափություն և մարտունակության անկում։
Սահմանադրական իրավունքի հետ հույս կապելն անիմաստ է»,- գրել է սահմանադրագետը:

Վրաստանի Սահմանադրական դատարանի որոշումը գնահատել են նաև քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչները և քաղաքական գործիչները։

«Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի նախագահ Նոնա Քուրդովանիձեն «Ֆեյսբուք» սոցցանցում գրել է, որ ՍԴ-ն պատմական հնարավորություն ուներ «ռուսական օրենք»-ի դեմ արտահայտվելու, Սահմանադրությանը համապատասխան գործելու և նորմերը կասեցնելու համար։

«Ցավոք, Սահմանադրական դատարանը չկարողացավ կատարել իրեն վերապահված գործառույթը։ Սակայն մենք չենք ավարտի մեր պայքարը «ռուսական օրենք»-ի դեմ և անպայման կհասնենք դրա անվերապահ չեղարկմանը»,- հավելել է Քուրդովանիձեն:

Դատարանի որոշմանն արձագանքել է նաև «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Թամար Կորձաիան. նա հայցվորներից մեկն էր։ Կորձաիան ասել է, որ Վրաստանի Սահմանադրական դատարանը գնացել է Ռուսաստանի Սահմանադրական դատարանի ճանապարհով։ Նա մտահոգություն է հայտնել, որ Վրաստանի ՍԴ-ի դատավորները չեն առաջնորդվում պետության շահերով։

«Բաց հասարակության հիմնադրամ»-ի իրավաբան Սաբա Բրաճվելին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված գրառմամբ պարզաբանել է Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը և հավելել իր գնահատականը։

«Սահմանադրական դատարանը լավագույն դեպքում հիմար է, վատագույն դեպքում՝ գիտակից հանցագործ և դավաճան սեփական ժողովրդի ու Սահմանադրության հանդեպ։ Մենք շարունակելու ենք մեր գործունեությունը մինչ ընտրություններ. այս որոշումը չի խանգարի մեր աշխատանքին։ Ոչինչ, եթե 6 դատավոր հրաժարվում է հակասահմանադրական ճանաչել ռուսական օրենքը, վրաց ժողովուրդը դա կանի 17 օրում»,- գրել է Բրաճվելին։

Իրավաբանն անդրադարձել է նաև մոնիտորինգի տևողությանը. ըստ նրա` քանի որ որևէ մեկի նկատմամբ մոնիտորինգ չի սկսվել, դրա պատճառով կազմակերպությունների գործունեությունը դադարեցնելու վտանգ այս պահին չկա:

«Ինչ վերաբերում է տույժերի նշանակմանը, ապա մինչ օրս քանի որ ոչ մի կազմակերպություն չի տուգանվել, դատարանը խնդիր չի տեսել, որ հետագայում սահմանված տուգանքի պատճառով բազմաթիվ կազմակերպություններ չեն կարողանա ֆիզիկապես շարունակել իրենց գործունեությունը: Եվրաինտեգրման կասեցման վերաբերյալ դատարանը նաև երկու փաստարկ է բերել։

Առաջին՝ թեև Եվրամիությունն այլևս չի հայտնում համագործակցությունը խորացնելու իր ցանկությունը, բայց դեռ պարզ չէ, թե դրանից գործընթացի որ տեխնիկական կողմն է տուժում։

Երկրորդ փաստարկն այնքան ապշեցուցիչ է, որ ստիպված եմ մեջբերել. «Նույնիսկ եթե դատարանը կասեցնում է օրենքի գործողությունը, չի կարող դա հանել իրավական տարածքից, ոչ էլ կարող է օրինական ակնկալիք ստեղծել, որ վերջինս հակասահմանադրական կճանաչվի»։ Այսինքն, Սահմանադրական դատարանը հրաժարվում է գիտակցել, որ ինքն իշխանության ճյուղ է և ռուսական օրենքի չկասեցման համար կրում է նույն պատասխանատվությունը, ինչ` այս օրենքն ընդունած խորհրդարանը»,- գրել է իրավաբանը:

Նույն գրառման մեջ Բրաճվելին նաև հավելել է, որ Սահմանադրական դատարանը (մասնավորապես՝ որոշումն ստորագրած 6 դատավորները) 85 պատգամավորի մեղսակիցն է ռուսական օրենքի ընդունման գործում, իսկ որոշումը ձգձգվում էր, որպեսզի Հանրային ռեգիստրին հանձնարարի ժամանակավոր մեղմություն ցուցաբերել գրանցված կազմակերպություններին։


 Հիշեցնենք, որ, չնայած միջազգային գործընկերների կոչերին, մայիսի 28-ին Վրաստանի խորհրդարանը հաղթահարեց նախագահի վետոն «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ։ Սույն օրենքն օտարերկրյա ազդեցության շահերի կրողներ է հռչակում բոլոր այն հասարակական և լրատվական կազմակերպություններին, որոնք ֆինանսավորում են ստանում ԱՄՆ-ից և Եվրոպայից, երկրի ռազմավարական գործընկերներից։ Գործող օրենսդրության համաձայն, եթե ՀԿ-ն կամ լրատվամիջոցն իր ոչ առևտրային եկամուտների 20 տոկոսից ավելին ստանում է արտերկրից, ապա պետք է գրանցվի «գործակալների ռեեստրում», հակառակ դեպքում կտուգանվի 25 հազար լարիի չափով։ Արդարադատության փոխնախարարի խոսքով՝ գրանցման համար դիմել է ավելի քան 400 կազմակերպություն։

Օրենքի ընդունված տարբերակի համաձայն՝ արդարադատության նախարարությունը իրավունք կունենա տուգանելու բոլոր անձանց, այդ թվում՝ ֆիզիկական անձանց, 5000 լարիի չափով` տեղեկատվություն չներկայացնելու համար։ Գաղտնի տեղեկատվություն չտրամադրելու համար անհատները ևս կարող են տուգանվել: