Հեռուստաընկերություններ «Մթավարի արխի»-ն,«TV Պիրվելի»-ն և «Ֆորմուլա»-ն նշում են, որ «Վրացական երազանք»-ը պահանջում է իրենց ցուցադրել Ուկրաինայի պատերազմը վարկաբեկող պաստառներ։
Հեռուստաալիքների փոխանցմամբ՝ իրենք չեն հեռարձակելու այդ պաստառները, ինչի պատճառով էլ ենթադրվում է, որ նրանց կարող են «խոշոր տուգանքներ» սպառնալ։
Նրանք կոչ են անում միջազգային հանրությանը և դեսպանատներին արձագանքել տվյալ միջադեպին։
Հոկտեմբերի 5-ին երեք հեռուստաընկերությունների տարածած համատեղ հայտարարության մեջ կարդում ենք. «Իվանիշվիլիին պատկանող իշխանությունը մեզ երկընտրանքի առաջ է կանգնեցնում` ցուցադրել տվյալ պաստառները կա՛մ հսկայական տուգանքներ` որոնք կարող են հանգեցնել նույնիսկ ալիքների գործունեությունը կասեցնելու սպառնալիքի»։
«Չնայած իշխանությունների կողմից սահմանված անվերջ տուգանքները ծանր բեռ են քննադատական ալիքների համար, մենք, այնուամենայնիվ, մտադիր չենք, թեկուզ անուղղակի, աջակցել «Վրացական երազանքի» ռուսական քարոզչությանը և ուկրաինացի ժողովրդի ծաղրանքին։ Մենք լիովին կիսում ենք ԵՄ դեսպանի գնահատականն այն մասին, որ սա «խայտառակ, ամոթալի և սարսափելի» քարոզարշավ է, և այդ պատճառով մենք հրաժարվում ենք հեռարձակել այդ տեսանյութերը», — ասել են հեռուստաընկերությունները։
Հեռուստաընկերությունները միջազգային հանրությանը, Արևմուտքի դիվանագիտական ներկայացուցչություններին, քաղաքացիական կազմակերպություններին և հանրային պաշտպանին կոչ են անում համապատասխան արձագանք տալ «Վրացական երազանքի» գործողությանը և աջակցել իրենց` քննադատական ալիքներին տվյալ սկզբունքային հարցում, որը դուրս է օրենքի շրջանակներից։
Հիշեցնենք, որ Սեպտեմբերի 26-ին Թբիլիսիում հայտնվել էին «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական պաստառները՝ «Ոչ պատերազմին, ընտրիր խաղաղությունը» մակագրությամբ։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարությամբ արձագանքել էր «Երազանք» նախընտրական պաստառներին և կոչ արել Վրաստանի կառավարությանը և բոլոր շահագրգիռ կողմերին զերծ մնալ Ուկրաինայի և նրա քաղաքացիների դեմ ագրեսիվ պատերազմի թեման օգտագործելուց։
Որոշ պաստառների վրա ձախ կողմում պատկերված էր Ուկրաինայի Դոնեցկի մարզի Բոգորոդիչնե գյուղի ռմբակոծությունից ավերված եկեղեցին, իսկ աջում՝ Թբիլիսիի Երրորդության տաճարը։
Մեկ այլ պաստառում ձախ կողմում պատկերված էր ավերված Մարիուպոլի թատրոնը, իսկ աջում՝ Սենակիի թատրոնը, որը վերականգնվել է Բիձինա Իվանիշվիլիի «Քարթու» հիմնադրամի կողմից։
Վահանակների ձախ կողմում, որտեղ պատկերված են պատերազմի ժամանակ ավերված ուկրաինական շենքերը, կցված են ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ընտրական համարները: