Կոչիո գյուղի մանկապարտեզի ընդլայնման հարցը

2023 թվականի փետրվարի 28-ին «Ջավախքի տեղեկատվական կենտրոնի» (Jnews) կազմակերպմամբ տեղի ունեցավ Ախալալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի, քաղաքապետարանի և Ախալքալաքի մի շարք գյուղերի ու քաղաքների ներկայացուցիչների հետ Ախալաքալաքի երիտասարդների հանդիպումը, որի նպատակն էր ստանալ սպառիչ պատասխաններ իրենց հետաքրքրող հարցերին, խոսել իրենց հուզող խնդիրների մասին և տեղական ինքնակառավարման մարմինների ուշադրությունը հրավիրել վերոնշյալ խնդիրների վրա։ Այս հանդիպման շրջանակներում երիտասարդների հարցերից մեկը Կոչիո գյուղի մասին էր. մանկապարտեզի ընդլայնման և երեխաների համար խաղահրապարակ կազմակերպելու հարցը, որին Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը պատասխանել է, որ նշված հարցի հետ կապված նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ ընթացքի մեջ են, և իրենք կսկսեն աշխատանքները համապատասխան թույլտվություն ստանալուն պես (տե՛ս տեսանյութի 03:45-05:21 հատվածը):

Պարզվեց` մինչ օրս Կոչիո գյուղի մանկապարտեզը չի ընդլայնվել։ «Մանկապարտեզի ընդլայնմանն առնչվող ոչ մի աշխատանք քաղաքապետարանը չի իրականացրել, ոչ էլ նոր բան ենք լսել, թե երբ են մտադիր կատարել իրենց խոստումը։ «Միասնությունը բազմազանության մեջ է» ծրագրի շրջանակներում գրված դրամաշնորհային նախագծով խաղալիքները գնել ենք մենք՝ երիտասարդներս»,- ասաց Կոչիոյի երիտասարդ ակտիվիստներից մեկը։

Ինչ վերաբերում է Կոչիոյի մանկապարտեզի երեխաների համար խաղահրապարակի կառուցմանը, ապա վերջինս ներառվել է 2022 թվականի բյուջեում (տե՛ս Գծապատկեր 1) և բացվել 2023 թվականի փետրվարի 4-ին, սակայն պետական ​​գնումների նախահաշիվներում ոչ մասնավոր գնում, ոչ էլ մրցույթ չի հայտնաբերվել։

Ախալքալաքի քաղաքապետարանի և սակրեբուլոյի ներկայացուցիչները ներկա են եղել նշված խաղահրապարակի բացման միջոցառմանը, ինչի կապակցությամբ Ախալքալաքի քաղաքապետարանի խորհուրդը հայտարարություն էր տարածել։ «2023 թ. Ախալքալաքի մունիցիպալիտետի Կոչիո գյուղի մանկապարտեզում, «Կանայք հանուն Ջավախեթիի ապագայի», կանանց հիմնադրամ «Տասսո»-ի և Գյուղի երիտասարդական նախաձեռնող խմբի կողմից իրականացվեց հետաքրքիր միջոցառում։ Բացման արարողությանը ներկա էին Ախալքալաքի քաղաքապետարանի խորհրդի նախագահ Նաիրի Իրիցյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, պաշտոնատար այլ անձինք»,- ասված է հաղորդագրությունում։

Կոչիո գյուղի մանկապարտեզում խաղահրապարակի բացման միջոցառումը

© Ախալքալաքի սակրեբուլո

Ախալքալաքի քաղաքապետարանի 2022, 2023 և 2024 թվականների բյուջեներում Կոչիո գյուղի մանկապարտեզի ընդլայնման հարցը չի դիտարկվել (տե՛ս նկար 1, 2, 3): Հարկ է նշել, որ այս ուղղությամբ էլեկտրոնային մրցույթ չի հայտարարվել։

Նկար 1 աղբյուր՝ ახალქალაქის მუნიციპალიტეტის 2022 წლის ბიუჯეტი

Նկար 2 աղբյուր՝ ახალქალაქის მუნიციპალიტეტის 2023 წლის ბიუჯეტი

 

Նկար 3. աղբյուր՝ ახალქალაქის მუნიციპალიტეტის 2024 წლის ბიუჯეტი

Ինչպես տեսնում ենք, 2022 թվականին նախադպրոցական հաստատությունների կառուցման և վերականգնման համար հատկացվել է 634,0 հազար լարի, որով նախատեսված է Ախալքալաքի N1, N2 և N3, Կոչիոյի, Բարալեթի, Ազավրեթի և Կուլիկամի մանկապարտեզների տարածքում խաղահրապարակների կառուցում և նորոգում։

2023 թվականին նույն նպատակով հատկացվել է 544,4 հազար լարի, և այս գումարով ծրագրվել են հետևյալ աշխատանքները՝ մանկապարտեզի սաների համար տրանսպորտի ապահովում, Կուլիկամի մանկապարտեզի 15 քմ մակերեսով մեկ սենյակի նորոգում, 300 մ ջրամատակարարման ապահովում, Կումուրդոյի մանկապարտեզի կառուցում։

2024 թվականին նախադպրոցական հաստատությունների կառուցման և վերականգնման համար հատկացվել է 158,4 հազար լարի, և այս գումարը հատկացվել է Կուլիկամի մանկապարտեզի վերականգնմանը։

Կոչիոյի երիտասարդ ակտիվիստներից մեկը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց, որ մանկապարտեզի շենքը շատ փոքր է այնտեղ հաճախող երեխաների համար։ «Կոչիոյի մանկապարտեզի շենքը երկհարկանի է, բայց միայն առաջին հարկն է գործում, իսկ նկուղում բուժկետ կա։ Բեժանո, Ալաթուման, Ագանա և Կոչիո գյուղերի երեխաները հաճախում են այս մանկապարտեզ։ Ընդհանուր առմամբ 55 երեխա կա, և եղած տարածքը նրանց համար շատ փոքր է, իսկապես պետք է ընդլայնել, բայց ոչինչ չի արվում»,- ասաց նա։

«Ալիք Մեդիա»-ն կապ հաստատեց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի հետ. «Մեր կողմից անում ենք անհրաժեշտ ամեն ինչ, աշխատանքներն ընթացքի մեջ են, որպեսզի շուտափույթ ազատվենք այս բյուրոկրատական ​​քաշքշուկից և սկսենք շինարարությունը»,- հեռախոսազրույցում ասաց Մելքոն Մակարյանը։

Ամփոփելով կարելի է ասել, որ Մելքոն Մակարյանիի խոստումը Կոչիոյում մանկապարտեզի ընդլայնման կապակցությամբ դեռ չի իրականացվել, չնայած «Ջավախքի տեղեկատվական կենտրոն»-ի կազմակերպած հանդիպումից անցել է մեկուկես տարի։ Ե՞րբ է սկսվելու Կոչիոյի մանկապարտեզի ընդլայնման շինարարական աշխատանքը, այս փուլում անհայտ է։ «Ալիք Մեդիա»-ն կշարունակի հետևել այս խնդրի ընթացքին և նորության դեպքում ձեզ կտրամադրի համապատասխան տեղեկություն։