Դիլիսկա-Չունչխա-Պտենա գյուղերում առկա խնդիրները

Ախալքալաքից 8,5-11 կմ հեռավորության վրա գտնվող Չունչխա և Պտենա գյուղերը բնակեցված են էթնիկ վրացիներով։ Ըստ տեղացիների՝ ճանապարհի և գազամատակարարման խնդիրները վերջնականապես լուծված չեն։ Ընդամենը երկու տարի առաջ Պտենայի բնակիչներն ասում էին, որ եթե ճանապարհ չկառուցեն և գազ չհասցնեն գյուղ, ապա իրենք կլքեն գյուղը։ Չնայած այն հանգամանքին, որ այս խնդիրները կան երկար տարիներ, և բնակիչներն անընդհատ բողոքում են, գյուղերի գազաֆիկացումը վերջնականապես իրականացվեց միայն անցյալ տարի, իսկ ճանապարհի հարցը դեռևս անորոշ է։

2020 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ Սամվել Մանուկյանը Չունչխայի գյուղացիների հետ հանդիպման ժամանակ խոստացել էր ասֆալտապատել ճանապարհը։

«Խնդիրները շատ են. բնականաբար, գյուղն առանց խնդիրների չի կարող լինել, մենք դեռ այդ հանգրվանին չենք հասել։ Բայց հաջորդ տարի նախատեսվում է ասֆալտապատել ճանապարհը։ Եվ եթե ասֆալտը արվի… ոչ թե` եթե, այլ կարվի, գյուղը դրանից հետո շատ կնմանվի քաղաքի, և դուք շատ հեշտությամբ կկարողանաք հասնել այնտեղ»,- ասել է Սամվել Մանուկյանը։

Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիսկա գյուղի գլխավոր ճանապարհն ամբողջությամբ ասֆալտապատված է (1150 կմ)։ «Մեր գյուղը մեծ է, բայց միայն հիմնական ճանապարհն է ասֆալտապատված։ Լավ կլինի, որ այս ճանապարհից բացի` այլ վայրերում էլ ասֆալտ լինի։ Ինչ վերաբերում է Չունչխային ու Պտենային, անցյալ տարի ասացին, որ կանեն, բայց չարեցին, միայն մի փոքրիկ ճանապարհահատված կարգի բերեցին»,- պատմեց տեղի բնակիչներից մեկը։

2023 թվականի հուլիսին սկսվել են Չունչխա և Պտենա գյուղերի ճանապարհի բետոնապատման աշխատանքները։ Այսօր Չունչխա գյուղից Պտենա տանող ճանապարհ է անցկացվել 1743 մետր երկարությամբ։ Չունչխայում աշխատանքներն արդեն ավարտված են։ Քաղաքապետարանի ներկայացուցիչ Գիորգի Զազաձեի խոսքով՝ նախագիծը նախատեսված է եղել երկու տարվա համար (2023-2024), պետք է ավարտվի այս տարի և միանա Դիլիսկա գյուղին։

Նշենք, որ 2021 թվականի հունվարի 25-ին Ախալքալաքի քաղաքապետարանը հայտարարեց մրցույթ (NAT210001056) 45 հազար լարի արժողությամբ՝ Ախալքալաքի մունցիպալիտետի, Դիլիսկա — Պտենա — Չունչխա ավտոճանապարհի վերականգնման համար։ Մրցույթը շահեց «Գեո Ռոուդ» ընկերությունը և կազմեց նախագծային ու ծախսերի հաշվառման փաստաթղթեր 7770 լարիով։ Հաջորդ մրցույթը, որը մենք գտանք, 2022 թվականի դեկտեմբերի 30-ին (NAT220028978)` 1 մլն 51 հազար 420 լարի արժողությամբ, շահել է «Ջավախավթոգզա» ընկերությունը, որի հետ 1 մլն 26 հազար 625 լարիի պայմանագիր է կնքվել։ Այս պահին ընկերությունն աշխատանքի 97 տոկոսն արդեն կատարել է։

Մինչ օրս ճանապարհը մնում է այս գյուղերի բնակչության համար ամենակարևոր խնդիրը, քանի որ գյուղացիների մի զգալի մասը քաղաքում է աշխատում և ասֆալտի բացակայության պատճառով երկար ժամանակ է կորցնում ճանապարհին։ Չնայած գյուղի նման վիճակին, 2020-2024 թվականներին նախատեսված ենթակառուցվածքային ընթացիկ ծրագրին և հանդիպման ժամանակ տրված խոստմանը, Չունչխա-Պտենա ճանապարհի աշխատանքները սկսվել են 2023 թվականին և դեռ ամբողջությամբ չեն ավարտվել։

Ախալքալաքի քաղաքապետարանի 2024 թվականի բյուջեում նշված է Դիլիսկա-Պտենա գյուղերի ճանապարհի վերականգնման (բետոնապատման) ծրագիրը, որի աշխատանքները ներկայումս ընթացքի մեջ են։ 2023 թվականի դեկտեմբերի 29-ին (NAT230027489) Ախալքալաքի քաղաքապետարանն այս աշխատանքների համար հայտարարել է 2 մլն 413 հազար 961 լարիի մրցույթ, որը շահել է նույն ընկերությունը՝ «Ջավախավթոգզա»-ն. պայմանագիրը կնքվել է 2 մլն 243 հազար 999,88 լարիի աշխատանքների համար։ Այս պահին, ըստ պետական ​​գնումների կայքի, ընդհանուր արժեքի 20%-ը վճարվել է որպես կանխավճար։

Օրեր առաջ սկսվել են Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիսկա-Չունչխա-Պտենա գյուղերը կապող ճանապարհի վերականգնման նախապատրաստական ​​աշխատանքները։ Այս փուլում կատարվում են տեխնիկական սպասարկման աշխատանքներ, որից հետո կմեկնարկի 5․5 կմ երկարությամբ երկաթե/բետոնե ճանապարհի կառուցումը: Ելնելով վերը նշված քննարկումից՝ Սամվել Մանուկյանի խոստումը մասամբ կատարված է, իսկ երկրորդ մասն իրականացման փուլում է։

«Ալիք Մեդիա»-ն կշարունակի հետևել խնդրին և կթարմացնի նյութը այլ տեղեկություններ ստանալուն պես: