Հոկտեմբերի 10-ին Գերմանիայի խորհրդարանը (Բունդեսթագ) կքննարկի Վրաստանի հարցը։
Բանավեճից հետո նախատեսվում է ընդունել «Վրաստանի եվրոպական ապագայի համար» անվանմամբ բանաձևը, որը նախաձեռնել են Գերմանիայի իշխող կոալիցիայի խմբակցությունները։
Հոկտեմբերի 8-ին Եվրախորհրդարանում նույնպես նախատեսվում է Վրաստանի վերաբերյալ բանաձևի քննարկում եւ ընդունում։
Հիշեցնենք, որ Գերմանիայի կառավարական խմբակցությունների ներկայացուցիչները Վրաստան էին այցելել սեպտեմբերի սկզբին, սակայն խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին և կառավարության ներկայացուցիչները հրաժարվել են հանդիպել նրանց հետ։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ իր հանդիպումը Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակության հետ տեղին չէ՝ հաշվի առնելով մի շարք գործոններ։ Կոբախիձեի պարզաբանմամբ` Բունդեսթագի պատվիրակության հետ հանդիպումից հրաժարվելու պատճառներից մեկը պատգամավոր Միխայել Ռոթն է, որն, ի դեպ, պատվիրակության կազմում չէր։
Միխայել Ռոթը Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է. նա քննադատել է «Վրացական երազանք» կուսակցությանը: Ռոթն առաջին քաղաքական գործիչներից էր, որ իշխող կուսակցությանն անվանեց «վրացական մղձավանջ»։ Այս տարվա մայիսին Ռոթը Թբիլիսիում էր. նա մասնակցել է «ռուսական օրենք»-ի դեմ կազմակերպված հանրահավաքին։