Վրաստանի Կախեթիի շրջան տանող 4 երթևեկելի գոտիով արագընթաց մայրուղու առաջին 35 կմ հատվածը (Սագարեջոյին կապող) բացվել է, և Թբիլիսիից Սագարեջո ընթացող տրանսպորտային միջոցներն արդեն կարող են օգտագործել արագընթաց մայրուղու նշված հատվածը։
Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի փոխանցմամբ՝ Թբիլիսի-Սագարեջո գլխավոր ճանապարհին կառուցվել է 35 կմ ասֆալտբետոնե և ցեմենտբետոնե 4 գոտիով ճանապարհ, 46 ճանապարհային, 4 երկաթուղային և 1 ռեկուլտիվացիոն կամուրջ, գործի են գցվել 8 գետնանցում, 148 ջրատար և 19 ռեկուլտիվացիոն խողովակ։
Մայրուղին շրջանցում է խիտ բնակեցված չորս գյուղեր և քաղաքներ՝ Վազիանի, Սարթիճալա, Նինոծմինդա, Սագարեջո, դրանով իսկ թեթևացնելով բնակավայրերի երթևեկությունը՝ կիսով չափ կրճատելով ճանապարհային ժամանակը և եռապատկելով ճանապարհային երթևեկության հնարավորությունը։
«Թբիլիսի-Սագարեջո ավտոճանապարհը լիովին համապատասխանում է երթևեկության անվտանգության ժամանակակից չափանիշներին և հագեցած է լուսավորության համակարգով: Թբիլիսի-Սագարեջո 35 կմ երկարությամբ միջազգային մայրուղին Թբիլիսին Կախեթիին կապող հիմնական ճանապարհային ցանցի և Ադրբեջանին կապող միջազգային տարանցիկ միջանցքի մի մասն է»,- հայտնել են դեպարտամենտից:
Ճանապարհի շինարարությունը ֆինանսավորվել է պետական բյուջեից, որը կազմել է 533 մլն 502 հազար 661 լարի: