Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանն անդրադարձել է Վրաստանի կառավարության կողմից միջազգային կողմերի, ռազմավարական գործընկերների հետ հանդիպումների մերժմանը։
ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ Վրաստանի իշխանությանը «կառավարում է» «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։ Ուստի, դեսպանի խոսքով, միջազգային կողմերին չհանդիպելը նշանակում է, որ Իվանիշվիլին մասնավոր ֆինանսական շահերը վեր է դասում Վրաստանի ժողովրդի շահերից։ Այս հայտարարությունը դիվանագետն արել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։ Ըստ նրա՝ իրավիճակը «խնդրահարույց» է։
«Խնդիր է, երբ այս երկրում իշխանությունը և իշխող կուսակցությունը ղեկավարող անձը հրաժարվում է հանդիպել միջազգային կողմերի, ռազմավարական գործընկերների հետ` իր նկատմամբ ֆինանսական պատժամիջոցների կիրառման վերաբերյալ իր իսկ սխալ ընկալման պատճառով։ Այսինքն՝ նա իր անձնական ֆինանսական շահերը վեր է դասում Վրաստանի ժողովրդի շահերից»,- ասել է Դաննիգանը:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել էր Վրաստան այցելած ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հետ հանդիպումից։
Դրանից բացի, վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության վարչակազմում հանդիպել է ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանին և մտահոգություն հայտնել ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների կապակցությամբ։ Կոբախիձեի խոսքով, «այդ որոշմամբ ամերիկյան կողմը մոտեցել է կրիտիկական սահմանին, և նմանատիպ մեկ այլ որոշման կայացման դեպքում կարող է վրաց-ամերիկյան հարաբերությունների նկատմամբ Վրաստանի դիրքորոշումը որակապես վերանայվել»։