«Փոփոխությունները կնոջ ձայն ունեն». UN Women-ը արշավ է սկսել

«Փոփոխությունները կնոջ ձայն ունեն» խորագրով արշավ է սկսել ՄԱԿ-ի Կանանց կազմակերպության (UN Women) Վրաստանի գրասենյակը՝ նպաստելու նպատակով քաղաքականության մեջ կանանց մասնակցության մասին իրազեկվածությանը:

Արշավի կազմակերպիչները վստահ են` կանանց լիարժեք մասնակցությունը քաղաքականությանը և որոշումների կայացման գործընթացներին կարևոր խնդիր է Վրաստանում և ողջ աշխարհում։

Ըստ UN Women-ի՝ չնայած այն հանգամանքին, որ կանայք ներկայացնում են Վրաստանի բնակչության կեսից ավելին՝ 52 տոկոսը, և նշանակալի դեր են խաղում երկրի քաղաքական, տնտեսական և սոցիալական զարգացման մեջ, նրանք հազվադեպ են որոշում կայացնող պաշտոններ զբաղեցնում։ Նրանց եզակի փորձառությունը, գաղափարներն ու պահանջներն անտեսվում են:

Այն կանայք, որոնք ցանկանում են մասնակցել քաղաքական գործընթացներին կամ առաջադիմել քաղաքականության մեջ, հաճախ բախվում են խոչընդոտների միայն այն պատճառով, որ կին են: Հատկանշական է, որ այս առումով Վրաստանը զգալիորեն զիջում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների միջին ցուցանիշին և գտնվում է եվրոպական երկրների շարքում վերջին տեղերից մեկում։

Արշավն իր նպատակները համատեղում է իրական պատմությունների հետ՝ հետաքրքիր փաստեր և տվյալներ, հին և նոր սերունդների քաղաքական կին գործիչների և ակտիվիստների փորձառություններ: Ծրագիրը ձգտում է ցույց տալ 19-րդ դարից ի վեր կին քաղաքական և հասարակական գործիչների ներդրումը Վրաստանի զարգացման և բարգավաճման գործում, կենտրոնանալ այն խոչընդոտների վրա, որոնք արգելակում են կանանց լիարժեք մասնակցությունը քաղաքականությանը և թույլ չեն տալիս նրանց արժանի տեղ զբաղեցնել որոշումների կայացման սեղանի շուրջ:

Ի դեպ, ըստ Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների տվյալների՝ Վրաստանում գրանցված է 1,9 միլիոն կին ընտրող, ինչը 7,2 տոկոսով ավելի է տղամարդկանց թվից, թեև վերջին տարիներին անցկացված բոլոր ընտրություններում տղամարդկանց մասնակցությունն ավելի բարձր է։ ՄԱԿ-ի կանանց կազմակերպության իրազեկման քարոզարշավի ուղերձներից մեկը ծառայում է կին ընտրողների ակտիվացմանը, քանի որ քաղաքական կյանքին մասնակցելու իրավունքն սկսվում է ակտիվ ընտրական իրավունքից։

Վրաստանում խորհրդարանի 129 անդամներից միայն 27-ն են կին (19 տոկոս), կառավարության 12 անդամներից 2-ն են կին (16 տոկոս), 64 մունիցիպալիտետներից միայն 3-ն ունեն կին քաղաքապետեր (4 տոկոս), իսկ պետական կառույցներում ղեկավար պաշտոններ է զբաղեցնում կանանց 9 տոկոսը: